Մեր մասին
ԵՄ դեսպան
Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները վստահելի և համապարփակ եղանակով զարգանում են։ Կողմերը երկուստեք հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին, իրավունքի գերակայությանը և բարեփոխումների օրակարգին։
ԵՄ դեսպանի ուղերձը
Ինձ համար պատիվ է և հաճելի Եվրոպական միությունը Հայաստանում ներկայացնելը։ ԵՄ պատվիրակության իմ գործընկերների հետ միասին ստանձնել եմ առաքելություն՝ ապահովելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումն ու երկկողմ համագործակցության ամրապնդումն ի օգուտ ՀՀ և ԵՄ քաղաքացիների։
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն (ՀԸԳՀ) ուժի մեջ մտավ 2021թ․ մարտի 1-ից՝ ապահովելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման երկարաժամկետ իրավական հիմքը։ Համաձայնագրի նպատակների շարքում են իրավունքի գերակայության և դատական համակարգը ամրապնդումը, պետական կառավարման ոլորտի բարեփոխումների խթանումը, ինչպես նաև մի շարք ոլորտների, մասնավորապես՝ էներգիայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի ուղղությամբ համագործակցության խորացումը։ Համաձայնագիրը հնարավորություն է տալիս բարելավելու գործարար միջավայրը՝ առևտրատնտեսական և ներդրումային նոր հեռանկարներ ստեղծելու միջոցով։
Հայաստանի հետ համատեղ, ԵՄ-ն ձգտում է ընձեռել ուսման և զբաղվածության հնարավորություններ երիտասարդների համար՝ նպաստելով նրանց՝ որպես հասարակության լիարժեք անդամների կայացմանն ու ներուժի իրացմանը։ «Էրազմուս+», «EU4Business», նորարարական և այլ ծրագրերի միջոցով բազմաթիվ հայ երիտասարդներ արդեն օգտվել են ԵՄ աջակցության լայն հնարավորություններից։ «Եվրոպայի թիմ» մոտեցմամբ՝ մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին՝ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում։
Հուսով եմ՝ մեր կայքում կգտնեք օգտակար և ձեզ հետաքրքրող տեղեկատվություն։ Մաղթում եմ հաճելի և բովանդակալի ճամփորդություն մեր կայքում: