«Միասնական օպերատորների համակարգի արդիականացում և ՀՀ կառավարության համար առցանց ծառայությունների տրամադրման հարթակի ստեղծում»
Ամփոփ նկարագիր.
«Միասնական օպերատորների համակարգի արդիականացում և ՀՀ կառավարության համար առցանց ծառայությունների տրամադրման հարթակի ստեղծում» ծրագիրը Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների զարգացման ևս մեկ քայլ է, որի նպատակը քաղաքացիներին և ձեռնարկություններին մատուցվող պետական ծառայությունների համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումն է՝ e-gov.am առցանց հարթակի, ինչպես նաև միասնական ծառայությունների օպերատորի սպասարկման կենտրոնների հիման վրա: Նախագծի շրջանակում արդեն գործող և դեռ ստեղծման փուլում գտնվող՝ էլեկտրոնային կառավարման ծառայությունների համակարգերը նախատեսվում է համակցել Պետական ծառայությունների օպերատորի՝ sso.am համակարգին: Նախատեսվում է, որ էլեկտրոնային կառավարման՝ գոյություն ունեցող ավելի քան 20 համակարգ կհամակցվի sso.am համակարգին: Ներկայում նախորդ՝ «EuropeAid» ծրագրի շրջանակում մշակվող ընդհանուր բազմակողմանի ծառայությունների հարթակը («general interoperability platform-GIP») հիմք կընդունվի միասնական ծառայությունների օպերատորի համակարգի ձևավորման համար (ՄԾՕՀ):
Պետական և համայնքային ծառայությունների արդյունավետ մատուցումն ապահովելու համար՝ ծրագրով սահմանվում են հետևյալ նպատակները՝
- ներկայում գործող ապակենտրոնացված համակարգի փոխակերպում՝ ծառայությունների միասնական համակարգի, որում sso.am կայքը կդառնա ընդհանուր բազմակողմանի ծառայությունների հարթակի շրջանակում քաղաքացիներին և ձեռնարկություններին հանրային ծառայությունների մատուցման պատուհան,
- e-gov.am հարթակի միջոցով քաղաքացիներին հանրային ծառայությունների մատուցման առցանց համակարգի ստեղծում, որը թույլ կտա քաղաքացիներին և ձեռնարկություններին ծառայությունները մատուցել՝ չմիջնորդավորված եղանակով,
- (շուրջ 400) հանրային ծառայությունների մատուցման ինտեգրված հարթակի գործարկման և տեխնիկական սպասարկման համար կանոնների և չափանիշների սահմանում,
- օպերատորների կողմից կամ e-gov.am-ի միջոցով մատուցվող պետական և համայնքային ծառայությունների թվի ավելացում,
- ծառայությունների սպառման և բավարարվածության վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման համակարգի ստեղծում,
- վերապատրաստում և կարողությունների զարգացում:
Գործողությունների ամփոփ նկարագիր.
Ծրագրով ակնկալվում է sso.am՝ միասնական ծառայությունների օպերատորի համակարգի ամբողջական վերամշակում և փոխակերպում, e-gov.am հարթակում պետական ծառայությունների միասնական բաժնի ձևավորում և հարթակը որպես հանրային ծառայությունների մատուցման միասնական համակարգի առցանց տարբերակ օգտագործում: Թե՛ գոյություն ունեցող, և թե՛ մշակման փուլում գտնվող ծառայությունները նախատեսվում է հասանելի դարձնել ՄԾՕՀ-ի և e-gov.am առցանց հարթակի միջոցով: Նախատեսվում է նաև մշակել պետական և համայնքային ծառայությունների մատուցման թվային փոխակերպման ճանապարհային քարտեզ: Այս ծրագրով նախատեսվում է ՄԾՕՀ-ը հասանելի դարձնել պետական և համայնքային ծառայություններ մատուցող մի շարք օպերատորների, իսկ ծառայությունները՝ բոլոր քաղաքացիների և ձեռնարկությունների համար: Օրենքի շրջանակում համակարգերի աշխատանքն ապահովելու համար նախատեսվում է պատրաստել և կառավարությանը ներկայացնել պետական և համայնքային ծառայությունների էլեկտրոնային գործառնությունների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագիծ:
Ծրագրի շրջանակում մասնավորապես ակնկալվում է ապահովել.
- պետական և համայնքային բազմատեսակ ծառայությունների էլեկտրոնային եղանակով և բարձր արդյունավետությամբ մատուցում՝ գրասենյակներում և առցանց պորտալի միջոցով,
- մի շարք ծառայությունների վերլուծության արդյունքում առանձնացված 35 առավել մեծ պահանջարկ ունեցող ծառայությունների հաստատված ցանկի մշակում (վերլուծությունն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ «Քաղաքացիամետ թվային ծառայություններ» (Development of Citizen-Centric Digital Services) ծրագրի շրջանակում),
- առավել հասանելի և գնարդյունավետ ծառայությունների հարթակի հիմնում՝ ի լրում ծրագրի ավարտից հետո մշակվող նոր ծառայությունների,
- պարզ կամ բարդ ծառայությունների հարցման՝ մեկ պատուհանով ներկայացման հնարավորություն՝ մեկից ավելի պետական և/կամ տեղական մարմինների ներգրավմամբ,
- պետական և համայնքային ծառայությունների 24/7 ռեժիմով տարածքային հասանելիություն,
- ծառայությունների մատուցման գործընթացների թափանցիկություն և հաշվետվողականություն,
- քաղաքացիների՝ պետական մարմինների և տեղական իշխանությունների հետ անմիջական շփման անհրաժեշտության սահմանափակում՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի զգալի նվազեցմանը,
- անձնական տվյալների գաղտնիության ապահովման առավել գործուն կառավարման մեխանիզմներ և պետական ու համայնքային ծառայությունների մատուցման անվտանգության աստիճանի բարձրացում՝ հայաստանյան օրենսդրությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջներին համահունչ:
Տևողությունը՝ 20/02/2020 – 20/02/2022 (24 ամիս)
Նախագծի ընդհանուր բյուջեն՝ 1,084,000.00 եվրո
ԵՄ ներդրումը՝ 1,084,000.00 եվրո
Իրականացման վայրը՝ Երևան, Հայաստան
Իրականացնող գործընկերներ՝ Էլեկտրոնային կառավարման էստոնական ակադեմիա և «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ