ԵՄ ԴԵՍՊԱՆ ՎԱՍԻԼԻՍ ՄԱՐԱԳՈՍԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ

Ձե՛րդ գերազանցություններ

Հատուկ շնորհակալություն «Երաժշտություն ապագայի համար» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի այս տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին՝ Եվրոպական միության և Հայաստանի օրհներգերի և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» օպերայից կախարդական վալսի հրաշալի կատարման համար:

«Հայ վիրտուոզներ»-ը հիմնադրվել է մաեստրո Սերգեյ Սմբատյանի կողմից: Ջերմ ծափահարություններ բոլորին այս հրաշալի կատարման համար:

EUDay

 

Եվրոպայի օրը նշանավորում է 1950 թվականի Շումանի հռչակագրի տարեդարձը, որով ազդարարվել է եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկը և ստեղծվել է Եվրոպական միությունը: Դա վճռական շրջադարձ էր՝ հեռանալով Եվրոպայում երկար ժամանակ գերիշխած պատերազմներից և հակամարտություններից: Մինչ այդ Եվրոպան ապրում էր էթնիկ ատելության, ծայրահեղ ազգայնականության և տարածքային պահանջների մղձավանջի մեջ:  

Երկրորդ աշխարհամարտի ավարտից ընդամենը մի քանի տարի անց Շումանի հռչակագիրն առաջարկեց նոր ուղի՝ հիմնված ոչ թե բախումների, այլ գործընկերության վրա, ոչ թե գերիշխանության համար պայքարի, այլ համատեղ պատասխանատվության և ընդհանուր արժեքների վրա։

Եվրոպական  ինտեգրում՝ մեր միության հիմքում խաղաղության, ազատության, հավասարության և ժողովրդավարության խոստումն է։  

Հավասարություն՝ բազմազանության նկատմամբ հարգանքով:

Ինտեգրում՝ ազգերի մշակույթների և ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքով: 

Եվրոպայի օրը մեզ համար առիթ է նշանավորելու ոչ միայն այն, թե ով ենք  մենք, այլ նաև, ինչ ենք անում անդամ պետությունների և գործընկերների հետ միասին ամբողջ աշխարհում՝ պաշտպանելով մեր կենսակերպը և խթանելու ավելի արդար, անվտանգ և ավելի կայուն աշխարհ։

Խաղաղությունն ու ժողովրդավարական արժեքները չենք կարող մշտապես երաշխավորված համարել։ Աճող հակամարտությունների պայմաններում մենք պետք է շարունակենք պաշտպանել այդ սկզբունքները։ Եվրոպայի հիմնադիր հայրերի ոգով՝ խաղաղության և համագործակցության վրա հիմնված տեսլականը շարունակում է ոգեշնչել մեզ նաև այսօր: Մենք պետք է հիշենք անցյալի հակամարտությունները և դրանցից դասեր քաղենք, սակայն մեր հիմնական ուշադրությունը պետք է ուղղված լինի ապագայի կառուցմանը՝ խաղաղ համագործակցության, գործընկերության և ստեղծարար զարգացման ապագային

Սա հենց այն ուղին էր, որն ընտրեցին Եվրոպայի հիմնադիր առաջնորդները 1950 թվականին՝ կառուցելով խաղաղ մայրցամաք։ Եվ այսօր էլ Եվրոպան շարունակում է առաջնորդվել նույն տեսլականով։

Գործնական արդյունքների և խաղաղ համագործակցության վրա հիմնված այդ ստեղծարար ոգին այս շաբաթ ևս դրսևորվեց Երևանում, երբ Հայաստանը հաջողությամբ հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը:

Հայաստանի հետ մեր գործընկերության ներշնչման աղբյուրը շոշափելի արդյունքներ ապահովելուն միտված մոտեցումն է, որը Եվրոպայում ձևավորել էր  համերաշխություն, որը Շումանը ձգտում էր ուրվագծել իր հռչակագրում:

Այս շաբաթ այստեղ՝ Երևանում, Եվրոպան արձանագրեց, որ կարող է միասնական լինել։

Եվրոպան համախմբվել էր Հայաստանում՝ քննարկում ծավալելու խաղաղության, կայունության և համագործակցության շուրջ։ Հայաստանը հյուրընկալեց Եվրոպայի առաջնորդներին՝ կարևոր տեղ զբաղեցնելով եվրոպական օրակարգում։ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը սահմանեց մեր գործընկերության նախադեպը չունեցող ավելի բարձր մակարդակ՝ ընդգծելով մեր գործընկերության ռազմավարական կարևորությունը՝ ինքնիշխան ընտրությունների լիակատար հարգման և բարգավաճ, կայուն ու անվտանգ ապագա կերտելու հանձնառությամբ:

Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերությունը ամրապնդվել է  տարիների ընթացքում և շարունակում է ամրանալ։ 

Մենք ավելի մոտ ենք, քան երբևէ՝ հավակնելով էլ ավելի մոտ դառնալ: 

Մեզ միավորում են ընդհանուր արժեքները, ինչպես նաև ընդհանուր շահերը։ 

Մեզ միավորում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և կանոնահենք միջազգային կարգի նկատմամբ մեր հավատը՝ մի աշխարհում, որտեղ ոչ ոք անտեսված չէ:

Մեզ միավորում է մեր ձգտումը դեպի խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն բոլորի համար:  

 

EUDay

Այս շաբաթ ստորագրված Կապակցվածության գործընկերությունը ավելին է, քան պարզապես նախագծերի ցանկ։ Այն մեզ ավելի մերձեցնելու և ավելի բարգավաճ ու խաղաղ տարածաշրջան կառուցելու ընդհանուր ձգտում է։

Այնուամենայնիվ, մեր գործընկերության իրական ուժը մարդկանց միջև կապերն են՝ ուսանողները, երիտասարդ ձեռներեցները, արվեստագետները, կամավորները, ուսուցիչները, հետազոտողները և տեղական առաջնորդները ամեն օր նոր կապեր են ձևավորում:

Այս մարդկային կապերը մեր հարաբերություններին կյանք տվող կենդանի ուժն են։ Դրանք լավագույնս ցույց են տալիս, թե որքան կարևոր են մարդկանց միջև շփումներն ու փոխադարձ կապերը։ Էներգետիկ, տրանսպորտային և թվային կապակցվածությունից անդին, ոլորտներ, որտեղ շարունակելու ենք ընդլայնել մեր ներդրումները, մեր համագործակցության առանցքում առավելապես կլինեն մշակույթը, բիզնեսը և երիտասարդությունը։

Վիզաների ազատականացումը կհեշտացնի մարդկանց ճանապարհորդությունը և էլ ավելի կմերձեցնի մեր հասարակությունները։ Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում վերջերս հրապարակված առաջընթացի առաջին  զեկույցը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի կայուն առաջընթացն այս գործընթացում։

Այստեղ ես նաև ցանկանում եմ ընդգծել Հայաստանում ԵՄ [դիտորդական] առաքելության կատարած աշխատանքի նշանակալի ազդեցությունը։ ՀԵՄԱ-ն դարձել է հայ ժողովրդի հետ Եվրոպական միության համերաշխության, տարածաշրջանում խաղաղության և կայուն կարգավորման աջակցության, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ԵՄ հանձնառության ամենատեսանելի դրսևորումներից մեկը։

Հատկապես ցանկանում եմ ընդգծել նրանց աշխատանքի ազդեցությունը հակամարտությունից տուժած մարդկանց անվտանգության և վստահության զգացման ամրապնդման գործում։

Ամբողջ Հայաստանում տեսնում ենք, թե ինչպես՝ ԵՄ աջակցությունը վերածվում է մարդկային դիմակայունության և ստեղծարարության իրական պատմությունների:  Ցանկանում եմ հատկապես շնորհակալությունս հղել նրանց, ովքեր այսօր պատվել են մեզ իրենց ներկայությամբ։

Լյուդմիլան և Լաուրան՝ Ղարաբաղից տեղահանվածներ, նրանց հետ ես պատիվ եմ ունեցել մի քանի անգամ հանդիպելու Գորիսում, ինչպես նաև վերջերս՝ ԵՄ-ի աջակցությամբ գործող տարեցների կենտրոնում։ 

Ռուզանան «Վինեթ»-ից, ով մեծ նվիրումով աջակցել է հարյուրավոր կարիքավոր կանանց և տղամարդկանց՝ օգնելով նրանց կառուցել ավելի կայուն և արժանապատիվ կյանք։

Մարինան և Վեհանուշը «Source» հիմնադրամից, որոնց ես հանդիպեցի Ալավերդիում՝ Հայաստանի բազմաթիվ «Գյուքադարաններից» մեկում, աջակցում են հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ տրամադրելով խիստ անհրաժեշտ օժանդակ սարքավորումներ և օգնություն նրանց ընտանիքներին։

Նելլին և Քրիստինան, որոնց մենք այցելեցինք Շիրակում՝ հանձնակատար Մարթա Կոսի հետ միասին, ոգեշնչող օրինակներ են։ Նելլին ղեկավարում է «Արագածի հովիտ» տեղական ակտիվ խումբը, որը խթանում է տեղական զարգացումը Հարավային Շիրակում, իսկ Քրիստինան հաջող գործարար նախաձեռնության հեղինակ է, որի շնորհիվ Նոր Կյանք համայնքում աշխատատեղ է ստեղծվել 12 կանանց համար։ 

 

 

EUDay

 

Այս մարդիկ Եվրոպայի ձայնն են Հայաստանում. այս կանայք մարմնավորում են Հայաստանի դիմակայունությունը և ավելի լավ ապագայի համար մղվող ամենօրյա պայքարը։

Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է, մինչ դուք շարունակում եք բարեփոխումների ուղին, ամրապնդում պետական ինստիտուտները, զարգացնում պետական-մասնավոր գործընկերությունները, ներդրումներ կատարում նոր ձեռնարկություններում և նորարարական տեխնոլոգիաներում, ինչպես նաև կերտում ավելի ինքնիշխան, անվտանգ, դիմակայուն, բարեկեցիկ և խաղաղ ապագա՝ միաժամանակ զարգացնելով փոխկապակցված տարածաշրջանի ձեր տեսլականը, որը մերձեցնում է մարդկանց, տնտեսություններն ու գաղափարները։

 

EUDay

Մեր գործընկերությունն ամուր է և զարգանում է։

Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Եվրոպան։ 

Շնորհավոր Եվրոպայի օրը։