ԵՄ ուսումնասիրությունը քարտեզագրում է Եվրոպան և Կենտրոնական Ասիան Կովկասի միջոցով կապող առևտրային ուղիների վերականգնման համար անհրաժեշտ ներդրումային կարիքները

Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը՝ Եվրոպան, Թուրքիան, Սև ծովի մյուս երկրները, Հայաստանը, Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան միացնող նավահանգիստների և տրանսպորտային ուղիների ցանցը աստիճանաբար ձևավորվում է որպես երկու մայրցամաքները՝ Եվրոպան և Ասիան, կապող այլընտրանքային առևտրային երթուղի[1]: 2022 թվականից ի վեր այս երթուղով իրականացվող առևտրաշրջանառությունը քառապատկվել է, իսկ  ճիշտ ներդրումների պայմաններում այն կարող է մինչև 2030 թվականը եռակապատվել։

Այս նշանակալի պահը գործնական ծրագրերի վերածելու նպատակով Եվրոպական հանձնաժողովն այսօր հրապարակել է ԵՄ կողմից ֆինանսավորվող մետա-ուսումնասիրություն, որը մատնանշում է միջանցքի երկայնքով տրանսպորտային, առևտրային, էներգետիկ և թվային կապակցվածության ամրապնդման համար անհրաժեշտ ներդրումային առաջնահերթությունները։

Ուսումնասիրությունը մատնանշում է այն առանցքային հատվածները, որտեղ ենթակառուցվածքները բացակայում են, հնացած են կամ չեն համապատասխանում ներկայիս բեռնաշրջանառության և հոսքերի ծավալներին։ Այն ձևավորում է ամուր վերլուծական հիմք ներդրումային առաջնահերթությունների սահմանման համար՝ համահունչ Հարավային Կովկասի միջոցով Կենտրոնական Ասիա տանող առևտրատրանսպորտային ուղիների վերականգնմանն ուղղված ԵՄ ծրագրերին։ Ներդրումների վերաբերյալ գործնական ուղեցույցը կառավարություններին և մասնավոր հատվածին տրամադրում է հստակ պատկերացում այն մասին, թե որտեղ ներդրված կապիտալը կարող է ունենալ առավելագույն ազդեցություն՝ ժամանակակից և հուսալի ենթակառուցվածքների ձևավորման գործում։

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է. «Եվրոպան և Ասիան Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով կապող առևտրատրանսպորտային ուղիներով բեռնափոխադրումները արագ աճի միտում են դրսևորում։ Սակայն գործող ենթակառուցվածքների զգալի մասը հին և հնամաշ է, ինչի հետևանքով ներդրումների անհրաժեշտությունը դարձել է հրատապ։ Ներդրումները հնարավոր կլինեն այն դեպքում, երբ կառավարություններն ու գործարար շրջանակները հստակ պատկերացում ունենան, թե որտեղ դրանք կարդարացվեն և առավելագույն ազդեցություն կունենան։ Այսօր հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե որտեղ երկաթուղային, նավահանգստային, սահմանային ընթացակարգերի, էներգետիկ կապերի և թվային կապակցվածության արդիականացումները կարող են ստեղծել ամենամեծ հավելյալ արժեքը»։

Ուշադրության կենտրոնում՝ տրանսպորտը, առևտուրը, էներգետիկան և թվային կապերը

Ուսումնասիրությունը կառուցված է երեք հիմնական հենասյուների շուրջ՝ տրանսպորտ և առևտուր, էներգետիկա և թվային կապ։

Տրանսպորտ և առևտուր

Ուսումնասիրությունը ընդգծում է Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի՝ որպես Ասիան Եվրոպայի հետ կապող հուսալի և այլընտրանքային առևտրատրանսպորտային ուղու ռազմավարական կարևորությունը։ Ապրանքների արագ և կանխատեսելի տեղաշարժն ապահովելու նպատակով այն առաջարկում է սահմանային կանոնների և ընթացակարգերի առավել համահարթեցված համաձայնեցված կիրառում։

Հաշվի առնելով, որ անհրաժեշտ ներդրումների ծավալը գերազանցում է միայն պետական բյուջեների հնարավորությունները, ուսումնասիրությունը մատնանշում է պետական–մասնավոր գործընկերությունների կարևորությունը միջանցքի երկայնքով ենթակառուցվածքների արդիականացման գործում: Միաժամանակ, այն ընդգծում է Ուկրաինայի և Մոլդովայի աճող դերը Եվրոպայի՝ իր ավելի լայն շրջանակ ներառող տրանսպորտային ցանցի դիվերսիֆիկացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերում։

Էներգետիկա

Ուսումնասիրությունը մանանշում  է էներգետիկ կապերի դիվերսիֆիկացման, հուսալի էլեկտրաէներգետիկ փոխկապակցվածության ապահովման և ապաածխածնացման ջանքերին աջակցելու ներուժը։ Այն ընդգծում է, որ ավելի ամուր և արդիականացված ցանցերը՝ համակցված վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելի լայն կիրառման հետ, կենսական նշանակություն ունեն փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։ Միաժամանակ, ուսումնասիրությունը խրախուսում է համագործակցությունը փորձառու մասնավոր հատվածի գործընկերների հետ՝ մեծածավալ, հուսալի և կայուն էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

Թվային

Ուսումնասիրությունն ընդգծում է տվյալների ապահով ուղիների աճող ռազմավարական նշանակությունը։ Այն կոչ է անում ձևավորել այլընտրանքային օպտիկամանրաթելային միջանցքներ, իրականացնել մանրաթելային ցանցերի տեղադրում էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի հետ համաժամանակ, ինչպես նաև ստեղծել նոր ինտերնետային փոխանակման կետեր։ Միաժամանակ, արբանյակային կապերը ներկայացվում են որպես դիմակայունության կարևոր գործիք այն տարածքներում, որտեղ ցամաքային ցանցերը սահմանափակ կամ խոցելի են։

Ուսումնասիրությունը հատուկ շեշտադրում է վստահելի տեխնոլոգիական գործընկերների հետ համագործակցության, կիբերանվտանգության մակարդակի բարձրացման, եվրոպական և միջազգային չափանիշների պահպանման, ինչպես նաև զարգացող տեխնոլոգիաների՝ ներառյալ արհեստական բանականության, և տեղական ստարտափ էկոհամակարգերի խթանման կարևորությունը։

Նախապատմություն

ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը նպատակ ունի ամրապնդել ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը Թուրքիայի և Հարավային Կովկասի միջոցով՝ ռազմավարական ներդրումների և կարգավորիչ մոտեցումների համակարգման ճանապարհով։ Օրակարգի նպատակն է կայուն, արդյունավետ և դիմակայուն տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերի ձևավորման միջոցով խթանել առևտրի և սոցիալ-տնտեսական զարգացումը:

Կապակցվածության օրակարգը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում կայացած միջտարածաշրջանային անվտանգության և կապի հարցերով նախարարական հանդիպման ընթացքում և հետագա զարգացում է ստացել 2025 թվականի նոյեմբերի 27-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապակցվածության ներդրողների ֆորումում։ Երկու հանդիպումների մասնակիցները վերահաստատել են համագործակցության խորացման կարևորությունը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, փոխադարձ դիմակայունության բարձրացման, ինչպես նաև ավելի փոխկապակցված, անվտանգ և բարգավաճ տարածաշրջանների ձևավորման նպատակով։ Նրանք նաև ընդգծել են, որ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը ձգտողական այլընտրանքից վերածվել է ռազմավարական նշանակության առանցքային ուղու՝ արտացոլելով Հյուսիսային միջանցքի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական տեղաշարժերն ու խոցելիությունները։

EU4Digital նախաձեռնությունը ԵՄ տարածաշրջանային ծրագիր է, որն աջակցում է թվային փոխակերպմանը և թվային շուկաների ներդաշնակեցմանը Արևելյան գործընկերության երկրներում։ Այն միտված է խթանելու փոխգործունակությունը, սահմանային տվյալների փոխանակումը և կարգավորիչ ներդաշնակեցումը՝ դրանք համապատասխանեցնելով ԵՄ չափանիշներին։

[1] Հետևելով Եվրոպական խորհրդի կողմից 2024 թվականի հունիսին, հոկտեմբերին և դեկտեմբերին Վրաստանում քաղաքական զարգացումների վերաբերյալ ընդունված եզրակացություններին՝ Եվրոպական հանձնաժողովը կասեցրել է Վրաստանի պետական մարմինների աջակցությանն ուղղված  երկկողմ ֆինանսական օժանդակությունը, մինչդեռ տարածաշրջանային կապակցվածությանը վերաբերող ծրագրերը գնահատվում են առանձին՝ յուրաքանչյուր դեպքի հիման վրա։