Եվրամիության աջակցությունը Հայաստանին ջրային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հարցում

Այսօրվանից Հայաստանի և Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության ջրային փորձագետները կանցկացնեն երկօրյա առցանց կարողությունների զարգացման դասընթացներ Հայաստանի Էկոպորտալի կառավարման վերաբերյալ: Դասընթացը նվիրված է շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում` ջրի վերաբերյալ տեղեկատվության, փոխանակմանը, ռեսուրս, որը կենսական նշանակություն ունի մեր մոլորակի, էկոհամակարգերի, հասարակության և տնտեսության կենսագործունեության համար: Այս կարողությունների զարգացումը համահունչ է ԵՄ նպատակներին՝ նպաստելու Արևելյան գործընկերության երկրների կանաչ զարգացմանը և թվայնացմանը:
Քանի որ Հայաստանը տարածաշրջանի ջրասակավ երկրներից մեկն է, ջրի օգտագործման արդյունավետությունը և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պաշտպանությունը կենսական նշանակություն ունեն: Հայաստանի Էկոպորտալը կաջակցի ջրային հարցերով զբաղվող գերատեսչությունների միջև տվյալների և տեղեկատվության փոխանակմանը` երկրում փաստահեն և գիտելիքահեն քաղաքականության մշակման համար: Եվրամիության աջակցությամբ Հայաստանի ջրի որակի տվյալները ներդաշնակեցվել են Եվրոպայի ջրի տեղեկատվական համակարգի (WISE) ջրի որակի տվյալների բառարանին համապատասխան: Այժմ այն համադրելի է եվրոպական տվյալների բազայի հետ: Նմանապես, ջրի որակի տվյալների հիման վրա մշակված և Էկոպորտալում հրապարակված ցուցանիշները համահունչ են Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության ցուցանիշներին: Դա նշանակում է, որ Հայաստանի, ԵՄ անդամ ցանկացած պետության և Արևելյան գործընկերության տարածաշրջանի այլ երկրների միջև կարող է իրականացվել համեմատական վերլուծություն, օրինակ՝ քաղցրահամ ջրերում կենսածին նյութերի վերաբերյալ:
Համակարգի գործառույթներն ու Էկոպորտալի դիզայնը համապատասխանում են WISE համակարգին, որին ԵՄ անդամ բոլոր երկրները իրականացնում են հաշվետվողականություն ջրերի վերաբերյալ իրենց տվյալների և տեղեկատվության փոխանակման մասին: Էկոպորտալը ներկայացնում է ջրի տվյալների շտեմարանները, ցուցանիշները, դինամիկ քարտեզները և զեկույցները: Այն թույլ է տալիս փոխանակել և տարածել ջրային խնդիրներով զբաղվող ազգային գերատեսչությունների միջև տվյալներն ու տեղեկատվությունը՝ Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգի սկզբունքներին և գործառնություններին համապատասխան: Քաղաքացիները, փորձագետները, պրակտիկայով զբաղվող մասնագետներն ու ակադեմիական հանրությունն այժմ հասանելիություն կունենան տարբեր տվյալների շտեմարաններին և կարող են համեմատել ազգային տվյալները ԵՄ անդամ պետությունների տվյալների հետ, քանի որ Հայաստանի ջրի որակի տվյալները լիովին համահունչ են եվրոպական տվյալների բազային: Մշակված ցուցանիշները հնարավորություն են տալիս նաև հանրությանը տեղեկանալ իրենց առօրյա կյանքի և բարեկեցության հիմքում ընկած ջրի մատչելիության և ջրի որակի մասին: ԷկոՊորտալը նաև կօգնի Հայաստանին իրագործելու տարածաշրջանային և միջազգային պարտավորությունները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակները:
Էկոպորտալում ներկայացված են ինչպես ջրերի վերաբերյալ տվյալները և տեղեկատվությունը, այլև կենսաբազմազանության, մասնավորապես հատուկ պահպանվող տարածքների ցուցանիշի մի բաղադրիչը: ԷկոՊորտալն ունի բավարար տեխնիկական ապահովվածություն առաջիկայում ընդլայնվելու այլ բնապահպանական ոլորտներում:
Լրացուցիչ տեղեկատվություն ԵՀԳ ՇՄՏՄՀ II Արևելք ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգի (SEIS) համապարփակ սկզբունքներին ու գործառնություններին համապատասխան՝ բնապահպանական տարբեր ոլորտներում: Ծրագիրը հիմնված է նախորդ համագործակցության գործողությունների վրա Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա), որոնք իրականացվել են 2010-2015 թվականների ընթացքում: Այն նպատակ ունի խորացնել ԵՄ հարաբերություններն Արևելյան գործընկերության վեց երկրների հետ և աջակցել շրջակա միջավայրի պաշտպանության խթանմանը` հզորացնելով շրջակա միջավայրի կառավարումը: Ծրագիրը կարողություններ է հզորացնում կենսաբազմազանության, ջրի, հողերի, օդի և շրջակա միջավայրի գնահատման ոլորտներում:
ԵՀԳ ՇՄՏՄՀ II Արևելք ծրագիր՝ https://eni-seis.eionet.europa.eu/east/governance
Ծրագրի ջրային բաղադրիչը՝ https://eni-seis.eionet.europa.eu/east/areas-of-work/data/water
Շրջակա միջավայրի գործակալություն՝ https://www.eea.europa.eu/themes/water
Կոնտակտներ՝ Վիկտորիա Գոնչարովա Victoria.goncharova@eea.europa.eu +45 33 42 59 39 Twitter handle: @EUenvironment