Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի ամփոփումը
Այսօր խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է:
Հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ սահմանափակումներ կիրառելով` Մոսկվան քաղաքական ճնշման զենքի է վերածում տնտեսական հարաբերությունները:
Մենք քաջածանոթ ենք նման գործելաոճին։ Հենց այդ պատճառով Եվրոպական միությունը վճռականորեն կանգնած է Հայաստանի կողքին։
Մենք նախապատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ: Այն ներառում է ավելի քան 50 միլիոն եվրո ծավալի անհապաղ ֆինանսական աջակցություն։ Եվս ավելին կհետևի։
Հեշտացնելով հայկական որոշ ապրանքատեսակների առևտուրը, մասնավորապես՝ գյուղատնտեսական սննդամթերքի առևտուրը:
Տրամադրելու գործնական աջակցություն տուժած ոլորտներին, այդ թվում՝ ծաղկաբուծությանը՝ հաշվի առնելով, որ վերջերս վիճահարույց և ոչ բավարար հիմնավորված պատճառաբանություններով Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծաղիկների ներմուծումը։
Վաղը Լատվիա կժամանի հայկական ծաղիկների 10,000 միավորից բաղկացած առաջին խմբաքանակը: Կհետևեն հետագա առաքումներ։
Միաժամանակ, կշարունակենք ամրապնդել կապերը Հայաստանի և Եվրոպական միության գործարարների միջև՝ կյանքի կոչելով Երևանում վերջերս կայացած ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի շրջանակում ստանձնած հանձնառությունները։
2024 թվականից ի վեր «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությունն արդեն իսկ նպաստել է շուրջ 7,000 ձեռնարկության զարգացմանը և ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը։
Հայաստանը տաղանդի, նորարարության և հնարավորությունների խաչմերուկ է։ Եվրոպական բիզնեսների համար այն կարևոր վայր է:
Ես նաև վերահաստատեցի Եվրոպական միության հանձնառությունը՝ երկարաժամկետ հեռանկարում իրականություն դարձնելու գագաթնաժողովի ընթացքում մեկնարկած հավակնոտ «Կապակցվածության գործընկերությունը»՝ հանուն ավելի խորը տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի։
Վերջերս Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերաբացումը, այդ թվում՝ Վրաստանի և Թուրքիայի միջոցով երկաթուղային կապի վերականգնումը, գերազանց առաջընթաց է։
Հայաստանն ունի ներուժ՝ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։
Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքների զարգացմանն ու սահմանային անցակետերի արդիականացմանը, երբ տարածաշրջանային հաղորդակցությունները վերաբացվեն։
Այս առաջնահերթությունները մենք կշարունակենք համատեղ առաջ մղել հունիսի 23-ին կայանալիք «Կապակցվածության հարթակ» նախարարական հանդիպման շրջանակում։
Այս բոլոր ուղղություններով արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով համաձայնության եկանք ստեղծել ԵՄ–Հայաստան հանձնախումբ։
Այն կիրականացնի վերահսկողություն այս նախաձեռնությունների, ինչպես նաև ապագայում համաձայնեցվող այլ միջոցառումների իրականացման ուղղությամբ։