Եվրոպական միության անունից՝ ԵՄ Բարձր ներկայացուցչի հայտարարությունը՝ 2025թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր առավոտ իրականացվում են միլիոնավոր փոքր, սակայն հաճախ անտեսանելի գործողություններ, որոնք նպաստում են մարդու իրավունքների պաշտպանությանը: Աղջիկը գնում է դպրոց՝ վստահ լինելով, որ իր համայնքում պաշտպանված է նրա անվտանգությունը։ Ուսանողը հետևողականորեն շարունակում է իր ուսումնառությունը անգամ այն պայմաններում, երբ դա կարող է չխրախուսվել կամ նույնիսկ սահմանափակվել։ Վերապրածը բարձրաձայն հանդես է գալիս բռնության մասին, ստանալով անհրաժեշտ աջակցություն, մինչդեռ լրագրողը վտանգում է սեփական կյանքը՝ ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար։ Սրանք բացառիկ գործողություններ չեն, այլ՝ ամենօրյա գիտակցված ընտրություններ, որոնք իրականացվում են հաճախ վախի կամ անորոշության պայմաններում։
Մարդու իրավունքները միայն միջազգային կոնվենցիաներում ամրագրված իրավական պարտավորություններ չեն։ Դրանք ապրում են, վերապրում են, և հաճախ ձորձության են ենթարկվում առօրյա կյանքի ընթացքում դասասենյակներում, աշխատավայրերում, հանրային ծառայությունների մատուցման վայրերում և առցանց միջավայրում: Դրանք պաշտպանում են մեր արտահայտվելու, հավատքի, կազմակերպվելու, սիրելու և մեր համայնքների կյանքին մասնակցելու ձևերը։ Մարդու իրավունքները բոլորինն են՝ ամենուր և միշտ։
Միասին մենք բախվում ենք աճող ճնշումներին՝ ապատեղեկատվությունից և ժողովրդավարության անկումից մինչև խտրականություն, անհավասարություն և պատերազմի սարսափելի հետևանքներ։
Այդպիսի պահերին «ամենօրյա մարդու իրավունքների» խոստումը դառնում է առավել քան երբևէ կենսական։ Դա հիշեցնում է մեզ, որ իրավունքները ինքնին չեն պահպանվում։ Դրանք պահանջում են անընդհատ ուշադրություն, խիզախություն, համերաշխություն և աջակցություն։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պարտավորություն է, որը ստանձնում են բոլոր պետությունները ՝ հնարավորություն տալով մեզանից յուրաքանչյուրին իրացնել այդ իրավունքները մեր գործողությունների, մեր կայացրած որոշումների և այն հարգանքի միջոցով, որը դրսևորում ենք մյուսների հանդեպ։
Այսօր մենք պատվում ենք այն անհամար մարդկանց, որոնց ամենօրյա գործողությունները կյանքի են կոչում այս իրավունքները։ Նրանց պատմությունները հիշեցնում են մեզ, որ առաջընթացը չի տեղի ունենում միայն դատարաններում կամ խորհրդարաններում․ այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ սովորական մարդիկ ընտրում են կարեկցանքը՝ անտարբերության փոխարեն, արդարությունը՝ հարմարության փոխարեն, խիզախությունը՝ լռության փոխարեն, և արժանապատվությունը՝ պառակտման փոխարեն։
Գնահատենք համընդհանուր իրավունքները՝ դրանք պաշտպանում են մեզ, և ջատագովենք իրավունքները, դրանք պաշտպանում են մյուսներին։ Եվ շարունակենք կառուցել այնպիսի աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կենսագործվում են և կյանքի են կոչվում՝ յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուրի կողմից։