Եվրոպական միությունն ու Հայաստանը հաստատեցին գործընկերության նոր ռազմավարական օրակարգը՝ գործընկերության խորացման նպատակով
Եվրոպական միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր ընդունել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգը, որը կարևոր քայլ է երկու կողմերի քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության խորացման ճանապարհին։ Փաստաթուղթը հավանության է արժանացել ԵՄ–Հայաստան գործընկերության խորհրդի կողմից՝ փոխարինելով 2017թ. Գործընկերության առաջնահերթություններին և ձևավորելով ավելի հավակնոտ ու համապարփակ շրջանակ համատեղ գործողությունների համար։
Մշակված ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) հիմքի վրա՝ Ռազմավարական օրակարգը ներկայացնում է ընդհանուր տեսլական առաջիկա տարիների համար և արձագանքում է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ կապերը խորացնելու հայտին։ Այն արտացոլում է երկկողմ հարաբերություններում ձևավորված դրական դինամիկան՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ, մասնավորապես՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, արդարադատության բարեփոխումներ, մարդու իրավունքներ, սոցիալ–տնտեսական զարգացում, կապիտալի շուկա, էներգետիկ անվտանգություն, թվային փոխակերպում, առևտրի դիվերսիֆիկացում, ինչպես նաև համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
Օրակարգի առանցքային հենասյուներից է ուղղություններից է՝ Կապակցվածությունը, որն ընդգծում է Հայաստանի, տարածաշրջանի և ԵՄ-ի միջև տրանսպորտային, թվային և էներգետիկ կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։ Փաստաթուղթը շեշտում է «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում իրականացվող ռազմավարական ներդրումները և աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, որը միտված է ուժեղացնել տարածաշրջանային կապերը, բարձրացնել տնտեսական դիմակայունությունը և բացել նոր հնարավորություններ առևտրի ու շարժունակության համար։
Ռազմավարական օրակարգը սահմանում է կարճաժամկետ (3-4 տարի) և միջնաժամկետ (7 տարի) առաջնահերթություններ, որոնք նախատեսված են քաղաքացիների համար իրական և շոշափելի օգուտներ ապահովելու, ինչպես նաև բարդ տարածաշրջանային միջավայրում Հայաստանի դիմակայունությանը նպաստելու նպատակով։ Այն վերահաստատում է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին՝ այդ թվում՝ Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցության և ֆինանսական օժանդակության միջոցով։
Ռազմավարական օրակարգում շեշտադրված է շարժունակության կարևորությունը՝ հատկապես ընթացիկ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության համատեքստում, ինչպես նաև աջակցությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալական և տնտեսական ներառմանը։ Այն ամրապնդում է անվտանգության, ճգնաժամերի կառավարման, հիբրիդային սպառնալիքների և կիբերդիմակայունության ոլորտների շուրջ համագործակցությունը՝ միաժամանակ վերահաստատելով ԵՄ-ի լիակատար աջակցությունը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։
Նոր ռազմավարական օրակարգը, սահմանելով հստակ առաջնահերթություններ և իրագործման ու մոնիթորինգի կառուցակարգային մոտեցում, ապահովում է ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերափոխված և հեռանկարային շրջանակ: Այն հաստատում է ընդհանուր արժեքները առաջ մղելու, կայունությունն ու բարգավաճումը խթանելու և երկու կողմերի քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ապահովելու նպատակով Հայաստանի, նրա քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցելու ԵՄ պատրաստակամությունը։