Համանախագողների եզրակացությունները՝ միջտարածաշրջանային անվտանգության և կապակցվածության ամրապնդման վերաբերյալ
Այսօր Լյուքսեմբուրգում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը, Ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և Միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելան հանդիպեցին ԵՄ անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի ներկայացուցիչների հետ՝ Միջտարածաշրջանային անվտանգության և կապակցվածության հարցերին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում:
Հանդիպման ընթացքում կայացան երկու առանձին քննարկումներ։ Առաջինը վերաբերում էր Սև ծովի տարածաշրջանում անվտանգության, կայունության և դիմակայունության հարցերին, իսկ երկրորդը, որին մասնակցում էին Կենտրոնական Ասիայի երկրները, կենտրոնացած էր միջտարածաշրջանային Կապակցվածության օրակարգի վրա։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան տարբեր տարածաշրջանների միջև համագործակցության և փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություններին։ Բարդ աշխարհաքաղաքական միջավայրում մասնակիցներն ընդգծեցին իրենց վճռականությունը՝ խորացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, փոխադարձ ամրապնդելու դիմակայունությունը և խթանելու ավելի կապակցված, անվտանգ ու բարեկեցիկ տարածաշրջանների ձևավորումը։
Անվտանգություն, կայունություն և դիմակայունություն Սև ծովի տարածաշրջանում
-
Սև ծովն ունի բացառիկ աշխարհաքաղաքական նշանակություն․ այն կամրջում է Եվրոպան և Ասիան՝ կարևոր դեր խաղալով միջազգային առևտրի, հացահատիկի, էներգակիրների և կարևոր հումքային նյութերի ռազմավարական փոխադրման, ինչպես նաև համաշխարհային անվտանգության ապահովման գործում։
-
ԵՄ անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի Հանրապետության, Թուրքիայի և Ուկրաինայի մասնակցությամբ կայացած Սև ծովի անվտանգության հարցերով նախարարական նիստը շեշտեց տարածաշրջանային համագործակցության վճռորոշ կարևորությունը՝ անվտանգության, խաղաղության և կայունության ամրապնդման համար։
-
Մասնակիցները քննարկեցին Սև ծովի տարածաշրջանում ծովային անվտանգության ամրապնդման ուղղությամբ համագործակցության խորացման առաջարկները, այդ թվում՝ Սև ծովի ծովային անվտանգության հատուկ կենտրոնի (Hub) ստեղծման նախաձեռնությունը։ ԵՄ-ն պատրաստակամություն հայտնեց աջակցելու անդամ պետությունների և գործընկեր երկրների ջանքերին՝ դիտարկման և մոնիթորինգի կարողությունների զարգացման, կենսական ենթակառուցվածքների պաշտպանության և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ։
-
Քննարկվեցին նաև ծովային անվտանգության ոլորտում առափնյա պահպանության համագործակցության ընդլայնման, ականազերծման նախաձեռնությունների խթանման, ինչպես նաև «ստվերային նավատորմի» գործունեության հետ կապված ռիսկերի նվազեցման նախաձեռնություններ՝ հիմնված Միջերկրական և Բալթիկ ծովերի փորձի վրա։ Այս ջանքերը դիտվում են որպես ԵՄ ներդրում Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում։
-
Համանախագահները կոչ արեցին ԵՄ անդամ պետություններին և գործընկեր երկրներին ակտիվորեն ներգրավվել Սև ծովի անվտանգությանն առնչվող համատեղ համագործակցության նախաձեռնություններում։
Միջտարածաշրջանային Կապակցվածության օրակարգի խթանում
- Նախաձեռնության նպատակն է համակարգել ռազմավարական ներդրումները՝ խթանելու առևտուրը և սոցիալ-տնտեսական զարգացումը՝ դիմակայուն և արդյունավետ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի միջոցով, որոնք կմիավորեն Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի և այնուհետև Եվրոպական միության հետ՝ իր հիմքում ունենալով կայունության և կանաչ անցման սկզբունքները
- Տրանսպորտի ոլորտում քննարկումները կենտրոնացած էին Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ-ի, Սև ծովի երկրների, Թուրքիայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային կապերի ընդլայնման և ամրապնդման շուրջ երկխոսության մեկնարկի վրա։
- Թվային կապակցվածության ոլորտում օրակարգը նպատակ ունի ընդլայնել բարձր արագությամբ ինտերնետային կապի հասանելիությունը՝ խթանելու թվային կապակցվածությունը, առևտուրը, նորարարությունը և ապահովելու կենսական ենթակառուցվածքների պաշտպանությունը։
- Էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի կապերի զարգացումը կնպաստի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը՝ աղբյուրների դիվերսիֆիկացման միջոցով, ինչպես նաև կհեշտացնի կանաչ էներգետիկ ռեսուրսների ներդրման արագացումը։
- Տարածաշրջանային առևտրի դյուրացման շուրջ համագործակցությունը հնարավորություն կտա համահունչեցնել, պարզեցնել և թվայնացնել մաքսային ընթացակարգերը՝ սահմանային առևտուրը դյուրացնելու, մասնավոր հատվածի ֆինանսավորումը խթանելու և շուկաների ինտեգրումը խորացնելու նպատակով։
Հաջորդ քայլեր՝ իրականացնելու ուղղությամբ
Այս հանդիպումը հիմք դրեց համակարգված և փուլային մոտեցման՝ ապահովելու կայուն առաջընթաց միջտարածաշրջանային համագործակցության և կապակցվածության ոլորտներում՝ միավորված, ավելի անվտանգ և բարեկեցիկ ապագայի համար։
Կապակցվածության օրակարգն առաջ մղելու համար մենք ճանաչեցինք արդյունավետ համակարգման շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի ընդհանուր առաջնահերթությունների և համագործակցային ներգրավվածության վրա՝ ապահովելու գործողությունների համահունչ ընթացք և շոշափելի, կայուն արդյունքներ տարբեր տարածաշրջաններում։
Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցել անդամ պետությունների և գործընկերների ջանքերին՝ մշակելու նման համագործակցության շրջանակի առաջարկ, որն ուղղված կլինի կապակցվածության օրակարգի իրականացման առաջմղմանը՝ մասնակցող երկրների, միջազգային ֆինանսական հաստատությունների, մասնավոր ներդրողների և համախոհ գործընկերների ներգրավմամբ՝ հիմնվելով առկա հարթակների վրա։ Այս առաջարկը կներկայացվի քննարկման և հետագա զարգացման համար Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի ներդրողների և կապակցվածության համաժողովում, որը կկայանա Տաշքենդում 2025 թվականի նոյեմբերի 27-ին։ Այն կուղեկցվի առկա փորձագիտական ներուժի քարտեզագրմամբ և կապակցվածության կարիքների վերլուծությամբ՝ ներդրումային առաջնահերթությունների և «փափուկ կապակցվածության» միջոցառումների վերաբերյալ նպատակային քննարկումները տեղեկացնելու համար
Մասնակիցները պայմանավորվեցին նորից հանդիպել մեկ տարի անց։