Page language:
Armenian

Համատեղ մամուլի հաղորդագրություն․ ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 3-րդ հանդիպումը

Տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը

2022 թ ապրիլի 28-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի երրորդ նիստը, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021թ․ մարտի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո առաջին հանդիպումն էր։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվեց  Համաձայնագրի կատարման ընթացքը։

ԵՄ կողմն ընդգծեց իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում, և  գոհունակություն հայտնեց Հայաստանի` բարեփոխումների օրակարգին շարունակական հանձնառության  և մի շարք ոլորտներում արդյունավետ  համագործակցության համար: ԵՄ-ը խրախուսեց Հայաստանին  շարունակել բարեփոխումների ընթացքը մի շարք կոնկրետ ոլորտներում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։ ԵՄ-ը ողջունեց խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու վերջին ջանքերը և ընդգծեց մարդասիրական և վերականգնմանն ուղղված տրամադրվող շարունակական աջակցությունը։

Հանդիսանալով Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր և ամենախոշոր դոնոր՝ ԵՄ-ը պատրաստ է տրամադրել հետագա փորձագիտական և ֆինանսական աջակցություն՝ կառավարության կարողությունների ամրապնդման համար՝ հանրային կառավարման ոլորտի առանցքային բարեփոխումների նախագծման և իրականացման, ԵՄ չափանիշների մոտարկման նպատակով՝  համապատասխան ՀԸԳՀ շրջանակներում  ստանձնած հանձնառություններին։ Նշվեց, որ գործընկերության վերջնանպատակն է ապահովել կոնկրետ օգուտներ՝ ի շահ ԵՄ և Հայաստանի քաղաքացիների:

Նպատակ ունենալով  ամրապնդել  Հայաստանի երկարաժամկետ դիմակայունությունը և  հանրային և մասնավոր ներդրումներն օգտագործել  որպես լծակ՝ «կանաչ» և թվային անցմանն աջակցելու նպատակով՝ ԵՄ-ը կշարունակի սերտորեն աշխատել Հայաստանի և գործընկեր Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ խթանելու Տնտեսական և ներդրումային պլանի և դրա ուղենշային ծրագրերի իրականացումը։

Քննարկելով ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ը իրականացման ընթացքը՝ կողմերը կենտրոնացան իրավունքի  գերակայության, այդ թվում՝  անկախ և արդյունավետ արդարադատության համակարգի կարևորության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: ԵՄ-ը և Հայաստանը կշարունակեն քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտային քաղաքականության քննարկումները կրթության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ՝ կրթության ոլորտի ռազմավարության վերջնականացումն ու  դրա իրականացումը խթանելու նպատակով։ Գնահատելով ԶԼՄ-ների դաշտում կատարված աշխատանքը ԵՄ-ը միաժամանակ խրախուսեց  Հայաստանին հետագա առաջընթաց գրանցել ավելի մեծ ազատություններ ապահովելու ուղղությամբ։

Գործընկերության կոմիտեն դիտարկեց նաև տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում և կլիմայի գործողությունների ուղղությամբ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ իրականացումը: Օդային տրանսպորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվածություն ձեռք բերեցին  ընդլայնելու ավիացիոն անվտանգության շուրջ համագործակցությունը՝ հիմք ընդունելով Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2021 թ․ դեկտեմբերին: Էներգետիկ ոլորտի հարցում ԵՄ-ը և Հայաստանը պայմանավորվեցին հետամուտ լինել միջուկային անվտանգության վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը, որը հաստատվել է որպես ԵՄ աջակցությամբ իրականացվող սթրես-թեստերի  գործընթացի մաս։ Քննարկման շրջանակներում  ամփոփվեց նաև տնտեսական զարգացման, զբաղվածության և կրթության բարեփոխումների ընթացքը: ԵՄ-ն շնորհավորեց Հայաստանին «Հորիզոն Եվրոպա»[1] ծրագրին միանալու կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև միգրացիայի և շարժունակության ուղղություններով ձեռք բերված առաջընթացին և ի գիտություն ընդունվեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության հնարավորինս շուտափույթ մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը։

Հանդիպման ավարտին Գործընկերության կոմիտեն քննարկեց Արևելյան գործընկերությանը և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Հանդիպումը համանախագահում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ  Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը։

 


[1] Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի միջև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հետազոտությունների և նորարարության վերաբերյալ  շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2021 թ․ նոյեմբերի 12-ին և հետադարձ ուժով գործում է 2021 թ․ հունվարի 1-ից;