Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի Նախագահ Միշելի, Ֆրանսիայի Նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հայտարարությունը

Եվրոպական խորհրդի Նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի Կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝  բոլոր հարթություններում՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կարիքների վրա։

Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին, որը կրում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանության հետևանքները։ Նրանք ընդգծել են, որ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տուն և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և պետք է ապահովվի նրանց պատմության, մշակույթի և իրավունքների նկատմամբ հարգանքը:

Նրանք  հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված երկուստեք՝ ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29800 քկմ և Ադրբեջանի 86600 քկմ)  փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է Նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։  Նրանք  կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան զինված ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։

Նրանք կոչ են արել ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և բացել բոլոր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիները՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության, լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Եվրոպացի առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր պահվող անձանց և համագործակցել անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև ականազերծման աշխատանքների դյուրացման ուղղությամբ։