Հայաստանում մայիսի 4-ին և 5-ին առաջին անգամ կկայանա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը

Երևանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին Եվրոպական միությունը կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գագաթնաժողովին ընդառաջ, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը կմասնակցեն նաև ս.թ. մայիսի 4-ին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։

ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը կկենտրոնանա երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վրա՝ մասնավորապես էներգետիկայի, տրանսպորտի և թվային կապակցվածության ոլորտներում։ Առաջնորդները կքննարկեն նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապակցվածության և բարեկեցության ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև արդի գլոբալ մարտահրավերները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։

՛՛Հայաստանը ԵՄ-ի մերձավոր գործընկեր է, և մենք ակնկալում ենք մեր առաջին՝ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում ավելի խորացնել մեր հարաբերությունները։

Ընդհանուր արժեքներով միավորված, միջազգային իրավունքի և կանոնահենք միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ առաջնորդվելով՝ այս առիթը կարևոր հանգրվան կդառնա Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապակցվածության և բարեկեցության խթանման ուղղությամբ՛՛,- Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտա:

ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը արտացոլում է վերջին տարիներին երկկողմ գործընկերության շուրջ ձևավորված դինամիկ զարգացումը։

ԵՄ-Հայաստան հարաբերությունները հիմնված են 2021 թվականից ուժի մեջ մտած ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա, ինչպես նաև 2025 թվականին համաձայնեցված ԵՄ–Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի վրա։

Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի իրականացման, առևտրի և ներդրումների խթանման գործում։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն դոնորն է։

Եվրոպական խորհուրդը՝ 2023 թվականի հոկտեմբերին հրապարակված իր եզրակացություններում հանձնարարել է ԵՄ ինստիտուտներին “ամրապնդել ԵՄ–Հայաստան հարաբերությունները բոլոր հիմնական ուղղություններով” ։

Նախապատմություն

ՀԸԳՀ համաձայնագրի համաձայն Հայաստանը հանձնառու է հետամուտ լինել համապարփակ բարեփոխումների օրակարգին՝ հիմնված ժողովրդավարության, թափանցիկության և օրենքի գերակայության սկզբունքների, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարեփոխման և քաղաքացիների նկատմամբ դրա հաշվետվողականության բարձրացման, բոլորի համար հավասար տնտեսական, զբաղվածության և սոցիալական հնարավորությունների ապահովման վրա։

Եվրոպական միությունը 2024-ի սեպտեմբերին մեկնարկեց վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն Հայաստանի հետ՝ աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման նրա նպատակին հասնելու գործում։

2025-ի հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու և առաջ մղելու Եվրոպական միության և Հայաստանի միջև զարգացող գործընկերությունը։

2025-ի օգոստոսին Եվրոպական միությունը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և հռչակագրի ստորագրումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված այս համաձայնությունը կարևոր առաջընթաց է տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ուղղությամբ։ ԵՄ պատրաստակամ է ներդրումների միջոցով աջակցել ներառական տարածաշրջանային կապակցվածության զարգացմանը և տարածաշրջանում հաղորդակցությունների լիարժեք բացմանը՝ հօգուտ հարատև խաղաղության և կայունության:

Հանդիպման մասին կարող գտնել այստեղ

Beatriz Navarro Deputy spokesperson for the European Council President

If you are not a journalist, please send your request to the public information service.