Հայտարարություն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ

Հարգելի՛ վարչապետ Փաշինյան, սիրելի՛ Նիկոլ,

Ուրախ եմ կրկին այսքան վաղ վերադառնալ Երևան։ Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրություններում ունեցած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Ձեր առաջնորդած 2018 թվականի Թավշյա հեղափոխության ոգին այսօր էլ կենդանի է և կենսունակ։ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության և Եվրոպայի հետ առավել սերտ գործընկերության ճանապարհով։ Եվ ես այստեղ եմ, ասելու՝ դուք կարող եք ապավինել մեզ։

Երբ Հայաստանը մոտենում է Եվրոպական միությանը, Հարավային Կովկասն էլ է ավելի է մերձենում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անցյալ տարի  պատմական իրադարձություն էր. վերջին տասնամյակներում այս տարածաշրջանում կատարված ամենակարևոր քայլը։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների շարունակական կարգավորմանը։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն։ Եվ ես գիտեմ, որ դրանց արդյունքները հսկայական կլինեն։ Սահմանների բացումը կվերափոխի Հայաստանի տնտեսական ապագան և կխարսխի Հայաստանը աշխարհի ամենառազմավարական խաչմերուկներից մեկի առանցքում։ Մենք կլինենք ձեր կողքին՝ տեսլականը իրականություն դարձնելու համար։

Եվ ահա թե ինչու ես հայտարարեցի «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) նախաձեռնության շրջանակում 200 միլիոն եվրո արժողությամբ նոր փաթեթի մասին՝ խաղաղությունը կապակցվածության միջոցով խթանելու նպատակով։ Մեր ֆինանսական գործընկերների հետ միասին նպատակ ունենք մոբիլիզացնել մինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի ամբողջ տարածքում ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ և թվանշային ծրագրերի համար։ Հայաստանում այս միջոցները կարող են աջակցել արդեն նախապատրաստման փուլում գտնվող  նախագծերին, այդ թվում՝ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքները։

Այսպիսով, մենք կառուցում ենք խաղաղության իրական, ֆիզիկական ենթակառուցվածք։ Եվ միաժամանակ կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև։ Ուստի ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո արժողությամբ  խաղաղության խթանման ծրագրի մասին։ Այն նախատեսված է սահմանամերձ համայնքների համար։ Մենք ցանկանում ենք աջակցել տեղական տնտեսությանը՝ փոքր և միկրոձեռնարկություններին, ինչպես նաև, օրինակ, գյուղատնտեսության նոր մեթոդներին, ջրային ռեսուրսների կառավարմանը և այլ նախաձեռնություններին։ Մենք ցանկանում ենք բարելավել մարդկանց առօրյա կյանքը և ստեղծել համայնքների միջև երկխոսության նոր հնարավորություններ։ Մեր աջակցությունը կօգնի մարդկանց զգալ խաղաղության իրական օգուտները, որպեսզի խաղաղությունը արմատավորվի այս և հաջորդ սերունդների սրտերում ու գիտակցության մեջ։

Այժմ անդրադառնանք ձեր երկրում ստեղծված իրավիճակին։ Գիտեմ, որ Հայաստանը շարունակում է բախվել Ռուսաստանի կողմից գործադրվող զգալի տնտեսական ճնշմանը։ Սա, ըստ էության, տնտեսական հարկադրանք է։ Սակայն վստահ եղեք՝ երբ մեր գործընկերների նկատմամբ ճնշումն ուժեղանում է, Եվրոպական միությունն ավելի է մեծացնում իր աջակցությունը։ Եվ այսօր ցանկանում եմ ներկայացնել մի քանի կարևոր հայտարարություն ևս։ Նախ՝ շուտով Հայաստանը կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ առևտրի ամրապնդման և դիվերսիֆիկացմանն աջակցելու նպատակով։ Այս ֆինանսավորումը, օրինակ, կարող է նպաստել արտահանման խթանման գործակալության ստեղծմանը և հայկական ձեռնարկությունների արտահանման ներուժի ընդլայնմանը։ Այս 18 միլիոն եվրոն կազմում է հունիսի սկզբին մեր հեռախոսազրույցի ընթացքում քննարկված 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի վերջին մասնաբաժինը։ Երկրորդ՝ մենք գնում ենք մեկ քայլ առաջ: Մենք ներկայացնում ենք այսպես կոչված առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures) առաջարկ, որի շնորհիվ Հայաստանի՝ Եվրոպական միություն արտահանման գրեթե 80 տոկոսը կազատականացվի։ Սա նշանակում է, որ Հայաստանից Եվրոպական միություն արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն այլևս չի ենթարկվի մաքսատուրքերի։

Այսպիսով, մենք կկարողանանք դեպի Եվրոպական միության՝ 450 միլիոն սպառող ունեցող միասնական շուկա վերաուղղել այն արտադրանքը, որն այսօր դեռևս մեծապես կախված է ռուսական շուկայից։ Այս միջոցառումների շնորհիվ Եվրոպական միության շուկան կբացվի Հայաստանից նախկինում Ռուսաստան արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99 տոկոսի համար։ Միևնույն ժամանակ, Եվրոպական միության միասնական շուկան հասանելի կդառնա նաև Հայաստանի խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 90 տոկոսի համար։

Այս նոր միջոցառումների շնորհիվ դուք ձեռք կբերեք անհրաժեշտ հնարավորությունները՝ արագորեն դիվերսիֆիկացնելու ձեր տնտեսությունը։ Հուլիսի կեսերին մենք Հայաստան կուղարկենք փորձագետների, որոնք անմիջականորեն կաշխատեն ձեր արտադրողների, գործարարների և արտահանողների հետ՝ օգնելով նրանց լիարժեք օգտվել այն հնարավորություններից, որոնք ընձեռում է Եվրոպական միության հետ արտոնյալ գործընկերությունը։

Հարգարժա՛ն վարչապետ, սիրելի՛ Նիկոլ,

Հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը հստակ ընտրություն կատարեց։ Նրանք ընտրեցին ժողովրդավարությունը։ Իրավունքի գերակայությունը։ Բարեփոխումներն ու խաղաղությունը։ Նրանք ընտրեցին բաց, հյուրընկալ և ներառական հասարակությունը։ Եվ նրանք ընտրեցին գործընկերություն Եվրոպական միության հետ։

Այժմ մեր համատեղ պարտականությունն է այդ ձգտումները վերածել իրական արդյունքների։

Դուք կարող եք ապավինել մեզ։

Շնորհակալություն։