Հայտարարություն Նախագահ Ալիևի, Վարչապետ Փաշինյանի, Նախագահ Մակրոնի և Նախագահ Միշելի 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպումից հետո

Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հրավերով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը։

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, ըստ որոնց՝ երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ այն կարող է հիմք հանդիսանալ սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների համար, և որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում մինչև հոկտեմբերի ավարտը։

Հայաստանը համաձայնություն է հայտնել՝ դյուրացնելու ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ՝ որքանով որ առնչություն կունենա։ Առաքելության աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամսով։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների գործունեությանը: