ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի հանդիպման արդյունքներով մամուլի համատեղ հայտարարություն
Մարտի 19-ին Երևանում կայացած հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ խորացնելու գործընկերությունը՝ ս․թ․ մայիսի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ առաջին, պատմական գագաթնաժողովին ընդառաջ, որը կհաջորդի Հայաստանում հյուրընկալվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Առաջիկա գագաթնաժողովը կնշանավորի քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության և ոլորտային ինտեգրման ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության խթանման համատեղ հանձնառությունը։
Հանձնակատար Կոսը ողջունեց վերջին ամիսներին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում գրանցված զգալի առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի շարունակական ջանքերը՝ նպաստելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: ԵՄ-ն մեծապես աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային ներառական կապակցվածության և դրա լիակատար բացման հարցում՝ տարածաշրջանն ամուր խաղաղության, կայունության և բարգավաճման մոտեցնելու նպատակով։
Հանձնակատար Կոսի այս երկրորդ այցելությունը` առաջինից ուղիղ 6 ամիս անց, տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումից հետո, ինչը նշանակալի քայլ էր Հայաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։ Այդ օրակարգը հիմնված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա: 2024 թվականի ապրիլին Նախագահ ֆոն դեր Լեյենի կողմից հայտարարված` Հայաստանի համար 270 միլիոն եվրոյի Դիմակայունության և աճի պլանը կարևոր դեր ունի ժողովրդի համար կոնկրետ արդյունքների ապահովման գործում։ ԵՄ աջակցությունն ամրապնդում է Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունությունը, խթանում արտահանման դիվերսիֆիկացիան, նպաստում քաղաքացիական հասարակության առաջխաղացմանը և աջակցում վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Գրիգորյանի և հանձնակատար Կոսի ներկայությամբ ստորագրվեց 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։ Այս կարևոր քայլը թույլ է տալիս իրացնել Դիմակայունության և աճի պլանի ներքո մնացած ֆինանսական միջոցները և նպաստել Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Կողմերը մտքեր փոխանակեցին «Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում միջոցների բաշխման վերաբերյալ։
Քննարկումներում ընդգծվեցին էներգետիկ, թվային և տրանսպորտային կապակցվածության ոլորտներում ընդհանուր նպատակները: Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն աշխատել համատեղ՝ համաձայն ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի, որն ապահովում է Եվրոպայի կապը Կենտրոնական Ասիայի հետ՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի դերը տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման գործում, այս համատեքստում հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային երթուղուն։ Կայուն աճին և խաղաղությանը նպաստելու նպատակով Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն համագործակցությունը «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջազգային ֆինանսական գործընկեր հաստատությունների հետ համատեղ՝ էներգետիկայի, տրանսպորտի և թվային կապակցվածության ոլորտներում առաջնահերթ ներդրումները խթանելու ուղղությամբ: Քննարկումները կենտրոնացան նաև տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին Հայաստանի հաստատուն ինտեգրումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ TEN-T հետագա ընդլայնումը զարգացնելու միջոցով:
Վիզաների ազատականացման վերաբերյալ կողմերն արձանագրեցին, որ Հայաստանը միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ակտիվ երկխոսություն է վարում վիզայի ազատականացման շուրջ: Հանձնակատար Բրունների ս.թ. մարտի 12-ի այցը կենտրոնացած էր Հայաստանի կողմից մինչ օրս ձեռնարկված քայլերի վրա՝ ՀՀ իշխանություններին դեռևս 2025 թվականի նոյեմբերին ներկայացված վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ներառված չափանիշներին հասնելու համար։ Հանձնակատար Կոսը ողջունեց Հայաստանի իշխանությունների՝ բարեփոխումներն իրականացնելու հաստատուն հանձնառությունը։
Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատեցին նաև իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին, իսկ ԵՄ-ն էլ իր հերթին վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին, ժողովրդավարական դիմադրողականության ավելացմանն ուղղված նրա ջանքերին։ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանձնակատար Կոսն ընդգծեց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին՝ պաշտպանելու ընտրությունների օրինավորությունը և ապահովելու քվեարկողների ազատ ընտրության կարողությունը։