Մարդու իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն
Երեկ՝ դեկտեմբերի 10-ին նշվում էր մեր՝ որպես համաշխարհային համայնքի համատեղ ճանապարհորդության ընդհանուր հանգրվանը։ 75 տարի առաջ այդ օրը, աշխարհը համախմբվեց ընդհանուր տեսլականի շուրջ․ յուրաքանչյուրի համար անօտարելի արժեքների և հավասար իրավունքների նկատմամբ հավատամքն արտացոլող տեսլականի շուրջ։ 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն արտացոլում է մեր հավաքական ջանքերը՝ կառուցելու աշխարհ, որտեղ գերիշխում են արդարադատությունը, արդարությունը, ազատությունը և մարդկային արժանապատվությունը: Այն բեկումնային դարձավ մարդկության պատմության մեջ։
Այսօր աշխարհը կարող է միանգամայն այլ երևալ, այդուհանդերձ այդ հանգամանքը որևէ կերպ չի նվազեցնում Հռչակագրի արդիականությունն ու նշանակությունը։ Չնայած Հռչակագրի ընդունումից ի վեր գրանցված զգալի առաջընթացին, այնուամենայնիվ՝ դեռևս կան մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են յուրաքանչյուր անձի կողմից մարդու իրավունքների համընդհանուր իրացումը:
Եվրոպական միությունն իր հիմնադրման օրվանից ի վեր հանձնառու է խաղաղության և կայունության խթանմանը և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հիմնված աշխարհի կառուցմանը: Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պաշտպանության և իրականացման խթանումը մեր աշխատանքի հիմքում է նաև Հայաստանում:
Եվրոպական միությունը Հայաստանում ներկայացնող Եվրոպական միության պատվիրակությունը խթանում է ԵՄ արժեքները, ինչպես նաև Հայաստանում զարգացնում կապերը և գործընկերային հարաբերությունները: Մարդու իրավունքները մեր առօրյա կյանքի մասն են: Մարդու իրավունքները համընդհանուր են, անօտարելի, անբաժանելի և փոխկապակցված: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների իրացումը յուրաքանչյուրի իրավունքն է։ Մարդու բոլոր իրավունքները հավասարապես կարևոր են, փոխկապակցված և կիրառելի են բոլոր ժամանակներում, այդ թվում՝ հակամարտությունների ժամանակ և ճգնաժամային իրավիճակներում:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ակտիվորեն աջակցում է արդարադատության, ոստիկանության և կրթության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի միջոցով Եվրոպական միությունը նաև խթանում է հավասար իրավունքները՝ կենտրոնանալով գենդերային հավասարության, բոլոր կանանց և աղջիկների իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, աշխատանքային իրավունքների, երեխայի իրավունքների, ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքների խթանման, բռնության և ընտանեկան բռնություն դեմ պայքարի, ինչպես նաև լրատվամիջոցների անկախության խթանման վրա։ ԵՄ պատվիրակությունը ակտիվորեն զբաղվում է նաև տեղահանված անձանց կարիքներին ուղղված աջակցությամբ: Եվրոպական միությունը և Հայաստանը համատեղ պարտավորվել են միասին աշխատել ի շահ ՀՀ քաղաքացիների և նպաստել ժողովրդավարության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։
Հայաստանում այս տարի Եվրոպական միությունը ստեղծել է Անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություն, որը հայտնի է որպես Հայաստանում Եվրոպական միության առաքելություն (ՀԵՄԱ)՝ նպատակ ունենալով նպաստել մարդկանց անվտանգությանը՝ Հայաստանի հակամարտություններից տուժած տարածքներում: Մարդու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ինտեգրված է ՀԵՄԱ գործունեության մեջ և բոլոր գործողություններում։ ԵՄ դիտորդները տեղում հանդիպում են տարբեր անհատների և համայնքների հետ, ովքեր կիսում են իրենց մտահոգությունները, ինչպես նաև հույսերը:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն ընդգրկում է քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքները՝ հաստատելով դրանց՝ որպես բոլոր մարդկանց անկապտելի և անօտարելի իրավունքի համընդհանուր բնույթը, կուռ հիմք ստեղծեց մարդու իրավունքների պաշտպանության մեր ջանքերի համար: Հռչակագրի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ մենք՝ Եվրոպական միությունը, կրկին հավաստում և վերստին հաստատում ենք մեր նվիրվածությունը Հայաստանում և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խթանման գործին:
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոս
Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր