Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված զգալի առաջընթացի վերաբերյալ համատեղ հայտարարություն

ԵՄ ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի անդամ Դեյվիդ ՄըքԱլիստերի,

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի անդամ Սերգեյ Լագոդինսկիի,

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Նիլս Ուշակովսի,

 Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանի,

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, Եվրախորհրդարանի անդամ Դեն Բարնայի,

Կողմից, 

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած առաջնորդների հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված զգալի առաջընթացի վերաբերյալ։

Բրյուսել, 2025 թվականի օգոստոսի 11. Ջերմորեն ողջունում ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների հրավերով տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները, մասնավորապես՝ այս տարվա մարտին կողմերի համաձայնեցրած «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի նախաստորագրումը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների համատեղ հռչակագիրը, որը սահմանում է երկարատև խաղաղության հասնելու հետագա քայլերը։

Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ վերջ դնելու իրենց երկարատև հակամարտությանը, ինչպես նաև Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումը նման դրական արդյունքի հասնելու գործում՝ հիմնվելով անցյալ տարիների բանակցությունների վրա, դրանց թվում՝ ԵՄ միջնորդությամբ։ Կարևոր է, որ գործընթացը հնարավորինս արագ շարունակվի՝ նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ։

Երկու երկրների միջև հաղորդուղիները բացելու քաղաքական համաձայնությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի վրա, ինչպես հայտարարվել է ղեկավարների համատեղ հռչակագրում, մեծ առաջընթաց է։

Մենք արձանագրում ենք Հայաստանի հարավով անցնող երթուղին մշակելու և կառավարելու ուղղությամբ Միացյալ Նահանգների և փոխադարձաբար որոշված երրորդ կողմերի հետ համագործակցելու Հայաստանի մտադրությունը և ողջունում ենք Միացյալ Նահանգների ներդրումներ կատարելու մտադրությունը: Միաժամանակ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներքին հաղորդակցությունների փոխադարձ շահերի կարևորությունը՝ ըստ առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունների։ Այս կարևոր ենթակառուցվածքային նախագծի իրականացմամբ կբացվի Հարավային Կովկասի հսկայական ներուժը՝ այն դարձնելու առևտրի և տնտեսական բարգավաճման կենտրոն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր պետությունների։

Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը անփոխարինելի կլինի այս առաջընթացի ամբողջ ներուժին հասնելու համար։ Մենք խրախուսում ենք Թուրքիայի կառավարությանը՝ աջակցել այս դրական զարգացումներին՝ փոխադարձելով Հայաստանի պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները և բացելու հայ-թուրքական սահմանը երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի շահերից ելնելով։

Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը կարևոր նշանակություն կունենա այս առաջընթացի ներուժի լիարժեք իրացման համար։ Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում աջակցել այս դրական զարգացումներին՝ փոխադարձելով Հայաստանի պատրաստակամությունը հարաբերությունների կարգավորման և Հայաստան–Թուրքիա սահմանը բացելու հարցում՝ ի շահ ոչ միայն երկու երկրների, այլև ավելի լայն տարածաշրջանի։

Միաժամանակ ողջունում ենք առաջնորդների անվերապահ հանձնառությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, ինչպես նաև միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածք ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքներին։ Վստահ ենք, որ այս մոտեցումը կնպաստի սահմանազատման գործընթացում հետագա առաջընթացին և մոտ ապագայում Ադրբեջանի զինված ուժերի լիակատար դուրսբերմանը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Միաժամանակ ընդգծում ենք Ադրբեջանի Հանրապետությունում պահվող հայ ռազմագերիների և տեղահանված Ղարաբաղի հայերի չլուծված խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը։

ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է եղել Հարավային Կովկասում կայունության և բարեկեցության ապահովման գործում և պատրաստ է շարունակել նպաստել կարգավորման գործընթացի առաջխաղացմանը։ Այս գործընթացը նաև կենսական նշանակություն ունի Հայաստանի համար՝ իր տնտեսական և անվտանգության հարաբերությունների դիվերսիֆիկացման, ինչպես նաև հայտարարված եվրոպական նկրտումների իրագործման համատեքստում, որոնք լիարժեքորեն աջակցում է Եվրոպական խորհրդարանը։

For further information contact: 

Office of David MCALLISTER, tel. +32 2 284 51 30, e-mail: david.mcallister@europarl.europa.eu 

Office of Sergey LAGODINSKY, tel. + 32 2 284 45 91, e-mail: sergey.lagodinsky@europarl.europa.eu

Office of Nils UŠAKOVS, tel. +32 2 284 54 09, e-mail: nils.usakovs@europarl.europa.eu 

Office of Miriam LEXMANN, tel. + 32 2 284 51 79, e-mail: miriam.lexmann@europarl.europa.eu

Office of Dan BARNA, tel. + 32 2 284 52 17, e-mail: dan.barna@europarl.europa.eu