Քաղաքացիամետ թվային ծառայություններ
Ամփոփ նկարագիր
Ծրագիրը նպատակ է հետապնդում զարգացնելու Հայաստանում հանրային ծառայությունների թվային մատուցման մեխանիզմները՝ էլեկտրոնային կառավարման հնարավորությունների, քաղաքականությունների մշակման և իրականացման, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման համար թվային նույնականացման ծառայությունների (eID ծառայությունների) մշակման միջոցով:
Ավելին, թվային նույնականացման ծառայությունները նախատեսվում է ինտեգրել էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքում, նախատեսվում է մշակել նաև իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագիր՝ էլեկտրոնային նույնականացման գործիքների պատվիրման և կիրառման շրջանակի ընդլայնման նպատակով:
Նախատեսվում է նաև, որ Էլեկտրոնային կառավարության էստոնական ակադեմիա հիմնադրամի (ԿԷԱ) նախագծի շրջանակում փորձագետները կգնահատեն Հայաստանում բազմակողմանի ծառայությունների համակարգը (interoperability framework) և կներկայացնեն էլեկտրոնային ծառայությունների զարգացման և ինտեգրման առաջարկներ:
Գործողությունների ամփոփ նկարագիր
Նախագծի շրջանակում ԿԷԱ փորձագետները
- կվերլուծեն հանրային ծառայությունների մատուցման քաղաքականության մշակումը և կիրառումը և կներկայացնեն իրականացման ծրագիր,
- կվերանայեն օրենսդրական հիմքերը և կներկայացնեն դրանց բարելավմանն ուղղված առաջարկներ,
- կանցկացնեն սեմինարներ և դասընթացներ՝ համապատասխան պետական մարմինների աշխատակիցների համար,
- կմշակեն իրազեկվածության մակարդակի բարձրացման ռազմավարություն և կմշտադիտարկեն քաղաքացիների կողմից ստացվող արձագանքը,
- կվերլուծեն գործող էլեկտրոնային նույնականացման համակարգերը և դրանց կիրառումը պետական և մասնավոր ծառայությունների մատուցման գործընթացներում,
- կսահմանեն էլեկտրոնային նույնականացման ծառայությունների մատուցման համար օրենսդրական, տեխնիկական, ընթացակարգային, կազմակերպչական և ֆինանսական հնարավոր խոչընդոտները,
- կմշակեն էլեկտրոնային նույնականացման ծառայության ֆինանսական մոդել,
- կմշակեն հաղորդակցության ծրագիր (ըստ հանրային իրազեկվածության հետազոտությունների արդյունքների, ներկա իրավիճակի վերլուծության եզրակացությունների և լավագույն փորձի)
- կգնահատեն բազմակողմանի ծառայությունների համակարգը,
- կմշակեն հանրային ծառայությունների մատուցման միասնական ստանդարտներ,
- կգնահատեն բոլոր գործող գրանցամատյանները, տվյալների թվային բազաները, առանցքային տեղեկատվական համակարգերը և պատասխանատու կազմակերպությունները, դրանց թվայնացման մակարդակը և կմշակեն ծառայությունների մատուցման արդիականացման ճանապարհային քարտեզ, ինչպես նաև կներկայացնեն բիզնես գործընթացների և ընթացակարգերի վերաբերյալ առաջարկներ՝ առնվազն 35 առանցքային թվային ծառայությունների վերաբերյալ,
- կօպտիմալացնեն հաճախորդների հետ անմիջական և ոչ անմիջական աշխատանքի բաշխման սկզբունքները:
Տևողությունը՝ 02/2020 - 08/2021
Նախագծի ընդհանուր բյուջեն՝ 499 599 եվրո
ԵՄ ներդրումը՝ 499 599 եվրո
Իրականացման վայրը՝ Հայաստան
Իրականացնող գործընկերներ՝ Էլեկտրոնային կառավարության էստոնական ակադեմիա հիմնադրամ (ԿԷԱ)