Հայաստան/Ադրբեջան․ ԵՄ խորհրդի աշխատանքային խմբի այցի վերաբերյալ մամուլի հաղորդագրություն
ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի (COEST) պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Հայաստանում և Ադրբեջանում։
ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակները Հայաստանում սեպտեմբերի 28-ից 30-ը հանդիպումներ են ունեցել Հայաստանի և ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաև ծանոթացել ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը պատվիրակությունը շարունակել է իր աշխատանքային ծրագիրը Ադրբեջանում, որտեղ հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց հետ։
Այցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին, քաղաքական երկխոսության հետագա խորացմանն ու գործնական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Պատվիրակության կազմում ներառված էին ԵՄ անդամ պետությունների պատվիրակներ, ինչպես նաև ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղարության, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի նախագահ Վերոնիկա Ֆրիդրիշեկը։