Խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի աջակցությանն ուղղված ժամանակավոր առևտրային միջոցներին
Խորհուրդն այսօր համաձայնել է հայաստանյան արտադրանքի նկատմամբ ներկայացնել առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի տնտեսությանը հաղթահարել վերջին շրջանում Ռուսաստանի կողմից կիրառվող առևտրային սահմանափակումների հետևանքները: Նշյալ միջոցների շնորհիվ կազատականացվի Հայաստանից դեպի ԵՄ շուկա արտահանումների շուրջ 80%-ը։ Այս արտոնյալ ռեժիմը նախատեսում է սահմանել որոշակի պայմաններ, ինչպես նաև պաշտպանական առևտրային միջոցներ՝ ԵՄ արտադրողների վրա ներմուծման բացասական ազդեցության դեպքում ԵՄ շուկան պաշտպանելու նպատակով։
Խորհուրդը հավանություն է տվել Հանձնաժողովի առաջարկությանը՝ առանց փոփոխման, ինչը հնարավորություն կտա սահուն կերպով հաստատել համապատասխան Կանոնակարգը, երբ Եվրոպական խորհրդարանը նույնպես ակնկալվող կարգով կհաստատի առաջարկը՝ առանց փոփոխման։
«Եվրոպան նեցում է Հայաստանին և Հայաստանի ժողովրդին, ով ընտրել է առաջ շարժվել բարեփոխումների և Եվրոպական միության հետ առավել սերտ համագործակցության հստակ ուղով: Այսօր ընդունված որոշումը հստակ ուղերձ է․ տնտեսական ճնշմանը Եվրոպական միությունը կարձագանքի։ Մենք կշարունակենք նոր հնարավորություններ ստեղծել և հաստատակամորեն կանգնել մեր գործընկերների կողքին»:
Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄքԷնթի
Կանոնակարգով նախատեսվում է ժամանակավորապես կասեցնել ներմուծման մաքսատուրքերի գանձումը հայաստանյան արտադրանքի լայն շրջանակի նկատմամբ, ներառյալ՝ սակագնային քվոտաների ենթակա առանձին գյուղատնտեսական ապրանքների համար։ Այս միջոցները կկիրառվեն երկու տարի ժամկետով՝ համապատասխան կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրվանից, և կներառեն Հայաստանից Ռուսաստան արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%-ը, ինչպես նաև խմիչքների և սպիրտային ըմպելիքների ավելի քան 91%-ը։
Առաջարկվող կանոնակարգի նպատակն է աջակցել Հայաստանին՝ մեղմելու Ռուսաստանի կողմից կիրառվող առևտրային սահմանափակումների հետևանքները, որոնք խաթարել են հայկական արտադրանքի արտահանումները և տարանցման ուղիները։ Այն նաև նպատակ ունի ամրապնդել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունները՝ համաձայն ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Արտոնյալ ռեժիմի կիրառումը պայմանավորված է մի շարք պահանջների կատարմամբ։ Մասնավորապես, Հայաստանը կպարտավորվի պահպանել ապրանքների ծագման գործող կանոնները, ապահովել ԵՄ-ի հետ վարչական համագործակցությունը, զերծ մնալ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ սահմանելուց և հարգել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» սահմանված առանցքային դրույթները, այդ թվում՝ ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։
Հաջորդ քայլերը
Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերին կայանալիք լիագումար նիստի ընթացքում կընդունի իր դիրքորոշումը՝ առանց փոփոխությունների։ Դիրքորոշման պաշտոնական ընդունումից հետո Խորհուրդը կհաստատի այն, ինչից հետո կանոնակարգը կընդունվի և ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրը։