Ադրբեջան. ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին
Պարոն նախագահ,
Շնորհակալություն նման վճռական պահին այս կարևոր նիստը հրավիրելու համար։
Եվրոպական միությունը ուշադրությամբ է հետևում իրադարձությունների զարգացմանը։
Թույլ տվեք սկսել՝ իմ լիակատար համերաշխությունը հայտնելով Ղարաբաղի հայերին, ովքեր ծանր զրկանքների ժամանակաշրջան են ապրել։
Ամիսներ շարունակ նրանք մեկուսացված են եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է սննդի և դեղորայքի պակասի։ Խոչընդոտվել է նրանց ազատ տեղաշարժը: Նրանք նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման բազմաթիվ խափանումներ են ունեցել:
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու լիարժեք հարգանք Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության նկատամբ:
Եվրոպական միությունը բազմիցս է հստակ ընդգծել, որ ուժի գործադրման միջոցով վեճերի լուծումն ընդունելի չէ։
Եվրոպական միությունը դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը: Դատապարտելի ենք համարում այդ լարվածության հետևանքով տեղի ունեցած մարդկային կորուստները։
Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին համապատասխան հայտարարությունները և ակնկալում ենք, որ մարտական գործողությունները չեն վերսկսվի և որևէ բռնություն չի գործադրվի։
Տեղի բնակչությունը հրատապ մարդասիրական օգնության կարիք ունի: Անրաժեշտ են նաև երաշխիքներ, որ նրանց անվտանգությունը և իրավունքները կհարգվեն։
Ուստի, կոչ ենք անում Ադրբեջանին այս առումով կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Առաջին. ապահովել անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն կարիքի մեջ քաղաքացիական բնակչության համար, այդ թվում՝ լիարժեքորեն վերաբացելով Լաչինի միջանցքը: Կարևոր է, որպեսզի մարդասիրական դերակատարները կարողանան ընդլայնել իրենց գործունեությունը, ինչն անհրաժեշտ է ներկա իրավիճակում: Եվրոպական միությունը և ԵՄ անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել: Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է մարդասիրական օգնության առաջին փաթեթի մասին՝ կարիքի մեջ մարդկանց օգնելու նպատակով:
Երկրորդ. համապարփակ և թափանցիկ երկխոսություն ծավալել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքները և անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը: Ի գիտություն ենք ընդունում, որ այսօր հանդիպում է տեղի ունեցել այս հարցին նվիրված:
Թույլ տվեք հստակ արտահայտվել՝ Եվրոպական միությունը լիովին սատարում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ակնկալում, որ բոլոր դերակատարները նույնը կանեն:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր աներկբա հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և սահմանազատման շուրջ համաձայնության գալ` 1991թ. Ալմաթիի հռչակագրի տառին և ոգուն համահունչ:
Եվրոպական միությունը նաև կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկա հարցերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր:
Մենք նախկինի պես պատրաստ ենք շարունակելու դյուրացնել կողմերի միջև երկխոսությանը, որպեսզի ապահովվի համապարփակ և կայուն խաղաղություն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: