Ադրբեջան. ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի հայտարարությունը «հողի վրա» տեղի ունեցող հումանիտար իրավիճակի վերաբերյալ
Եվրոպական միությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը յոթ ամիս և ավել շարունակվում է՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի այն վերականգնելու մասին վճիռների:
Բժշկական պարագաները և առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ արդեն սպառվել են, որը սարսափելի հետևանքներ ունի տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգ ու ազատ տեղաշարժը և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում:
Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից արտահայտված՝ Աղդամ քաղաքով ևս ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը։ Այն չպետք է դիտարկվի որպես այլընտրանք Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Միաժամանակ, ԵՄ-ը նշում է, որ տարածաշրջանում լրջորեն տուժել է ԿԽՄԿ-ի գործունեությունը և կոչ անում այն ամբողջապես վերականգնել, ներառյալ՝ բժշկական տարհանումները և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է՝ որ ցանկացած կողմից չպետք է քաղաքականացվեն մարդասիրական մուտքի հնարավորությունները։
Եվրոպական միությունը և, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեծապես ներգրավված են՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդիի միջև երկխոսության խթանմանը: Դա նաև պահանջում է բոլոր կողմերի բանակցությունների արդյունքների, ինչպես նաև ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի նկատմամբ ճշմարիտ հանձնառություն: