Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն
Հուլիսի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկեցին ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընդլայնումը։
Հայաստանը և ԵՄ-ն ընդգծեցին ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանդեպ հանձնառության վրա։ Ողջունեցին 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կարևոր հայտարարությունները, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան նոր Գործընկերության օրակարգի վերաբերյալ քաղաքական համաձայնությունը և Եվրոպական հանձնաժողովի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկության հաստատումը։ Այս որոշումներն էլ ավելի կմոտեցնեն ԵՄ-ն և Հայաստանը։
Հայաստանը և ԵՄ-ն ողջունեցին նաև 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման գործընթացը՝ միտված Հայաստանի և ԵՄ միջև ոլորտային առավել սերտ համագործակցությանը և կապակցվածության ու բիզնես ոլորտներում լայնածավալ ներդրումների խթանմանը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համապատասխան։
Գործընկերության կոմիտեն դիտարկեց օրենքի գերակայության, արդարադատության ոլորտում բարեփոխումների, իրավապահ համակարգի, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ զարգացումները։ ԵՄ-ը գնահատեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, ինչպես նաև այս ուղղություններով արձանագրված շոշափելի առաջընթացը։ ԵՄ-ն ընդգծեց այս ոլորտներում բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունն ու լրացուցիչ քայլերն՝ ուղղված խտրականության բոլոր ձևերի վերացմանը։ Կողմերն ընդգծեցին որոշումների կայացման և հանրային կառավարման գործընթացներում քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցության կարևորությունը։
հայաստանը և ԵՄ-ն քննարկեցին տարածաշրջանային ներառական կապակցվածության խթանման հնարավորությունները, տնտեսության դիվերսիֆիկացիայի ու փոխադարձ առևտրի ընդլայնման ուղղությունները, թվային և կանաչ փոխակերպումների արագացման ճանապարհները, էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ինչպես նաև կլիմայական գործողությունների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։
Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանական քաղաքականության համատեքստում կողմերը ողջունեցին ԵՄ-ի և Հայաստանի միջև վերջերս ստորագրված համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան անվտանգային և պաշտպանական առաջին խորհրդակցությունների անցկացումը։ Կողմերը քննարկեցին համագործակցության նոր ուղղություններ՝ կենտրոնանալով հիբրիդային և կիբեր սպառնալիքների, արտաքին միջամտությունների և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում դիմակայության կարողությունների զարգացման վրա։ Վերահաստատեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևոր ներդրումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում։
Գործընկերության կոմիտեին քննարկվեցին նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԵՄ-ն ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ կոչ անելով ստորագրել և վավերացնել այն։ ԵՄ-ն ընդգծեց իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա։ ԵՄ-ն իր աջակցությունը հայտնեց նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերին։
Հանդիպումը համանախագահեցին Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեն և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։