Մամուլի համատեղ հաղորդագրություն. Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրում
Համաձայնագիրը Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդլայնելու կարևոր քայլ կհանդիսանա: Այն կամրապնդի քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք կստեղծի տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառությունն ընկած է նոր համաձայնագրի և ԵՄ- Հայաստան հետագա համագործակցության հիմքում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաև կստեղծի ավելի ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առևտրի և ներդրումների բնագավառում, և դյուրացված շարժունակություն՝ ի շահ քաղաքացիների:
ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են վերջին տարիներին: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համատեղ ջանքերի արդյունք է, որն էլ ավելի կխորացնի կողմերի հարաբերությունները Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի ԵՄ-ին և Հայաստանին իրենց հարաբերությունները որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: