Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը - ՏԶՊԾ ծրագիր
Հայաստանում տարածքային զարգացման հիմնական գերակայությունը զբաղվածության աճն է` որակյալ և բարձր արտադրողական աշխատատեղեր ստեղծելու միջոցով:
Համաձայն ՀՀ կառավարության և Համաշխարհային Բանկի հետազոտությունների`[1] Հայաստանի բնակչության 29.4% ապրում է աղքատության շեմից ցածր։ Ավելի խոցելի է գյուղերի բնակչությունը։ Սույն ծրագրի նպատակն է ստեղծել աշխատատեղեր գյուղատնտեսության եւ գյուղ. վերամշակման ոլորտներում, քանի որ շահառու համայնքներում գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտներում զբաղվածությունը կազմում է ընդհանուր զբաղվածության ավելի քան 80% -ը:
Ծրագրի իրականացնում է «Շեն» ԲՀԿն` Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 6 գործընկերների հետ: Ծրագրի գործողությունները միտված են շահառու համայնքներում տեղական տնտեսության աճին՝ տարածքային մրցունակության բարձրացման և կայուն աշխատատեղերի ստեղծման միջոցով: Շահառու կոոպերատիվները կստեղծեն 23 որակյալ և 74 սովորական աշխատատեղ:
Գործողությունների ամփոփ նկարագիր
Ծրագիրը երեք նոր կոոպերատիվների ստեղծման և երեք գործող կոոպերատիվների հզորացման նպատակով կտրամադրի ինստիտուցիոնալ և տեխնիկական աջակցություն։ Շահառու կոոպերատիվների անդամները և ղեկավար կազմը կվերապատրաստվեն կոոպերացիայի սկզբունքների, կոոպերատիվների օրենսդրական կարգավորման, շուկայագիտության, գործարար հմտությունների զարգացման, գյուղատնտեսական առաջնային արտադրության ժամանակակից մեթոդների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, կենսագազի արտադրության և կիրառման ոլորտներում։
Ծրագիրը շահառու համայնքներում կֆինանսավորի վերամշակման և արտադրական միավորների հիմնումը։ Սյունիքի մարզում կհիմնվեն մեկ ձավարաղաց, մեկ հատիկազտիչ և քամհարման կայան, երեք չորանոցներ վայրի հավաքի խոտաբույսերի և հատապտուղների համար։ Մեկ չորանոց և երեք ջերմոցներ կհիմնվեն Գեղարքունիքի մարզում։
Սյունիքի մարզի երեք գյուղերում կիթի կայաններ կկառուցվեն։ Ոռոգման համակարգեր կվերակառուցվեն Շաքի և Անգեղակոթ գյուղերում։ Գեղարքունիքի շահառու համայնքներում կվերակառուցվեն խորքային երեք հորեր։ Ոռոգելի կդառնա մոտավորապես 400 հեկտար հողատարածք։ Կոոպերատիվներին կտրամադրվի ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկա, ինչը կնպաստի արտադրողականության և արդյունավետության աճին։
Սյունիքի և Գեղարքունիքի հինգ համայնքներում կհիմնվեն կենսագազի փոքր կայաններ։ Կվերակառուցվի կենսագազի մեկ մեծ կայան, որը հիմնվել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից։
Տևողությունը՝ 14/12/2016 – 13/12/2018 (24 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,340,995 եվրո
ԵՄ ներդրումը՝ 900,000 եվրո
Վայրը՝ ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր
Իրականացնող գործընկերներ՝ «Շեն» ԲՀԿ՝ Գեղարքունիքիև Սյունիքի մարզերի գործընկերների հետ
[1] http://armstat.am/en/?nid=12&id=15005
https://data.worldbank.org/indicator/SI.POV.NAHC?locations=AM&view=chart