Եվրոպական միություն-Հայաստան Գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով անդրանիկ նիստը՝ Երևանում
Սեպտեմբերի 25-ին Երևանում կկայանա Եվրոպական միություն - Հայաստանի Հանրապետություն գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստը:
ԵՄ-ՀՀ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե ԱԴԱՄՅԱՆԸ, Եվրամիության կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս ՍՈՒՐՄԵԼԻՍԸ:
Նիստին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր ՍՎԻՏԱԼՍԿԻՆ։ Համանախագահները կներկայացնեն առևտրի և ներդրումների ոլորտում վերջին ժամանակաշրջանի միտումները:
Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր, որոնք ներառված են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) առևտրի և առևտրին առնչվող հարցերի վերնագրի ներքո: Մասնավորապես` ապրանքների և ծառայությունների առևտուր, մաքսային ոլորտ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, մտավոր սեփականության իրավունքներ, մրցակցություն և պետական գնումներ: Կողմերը կքննարկեն ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխների իրականացման միջոցառումները (ճանապարհային քարտեզներ):
Օրակարգում ներառված են նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի դիտանցմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լրացուցիչ տեղեկատվություն
2017թ. նոյեմբերի 24-ին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը (Համաձայնագիր), որի հիմնական դրույթները պայմանական ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։
Համաձայնագրի 363-րդ հոդվածի համաձայն, ստեղծվել է Գործընկերության կոմիտե։ Գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստերը տեղի են ունենում առնվազն տարին մեկ անգամ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության
Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչություն
Հեռախոս (+374 11) 597 177
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ․՝ (+374 11) 597 210, (+374 11) 597 212
e-mail:press@mineconomy.am, www.mineconomy.am
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու Անահիտ Ազատյան
Հեռ․՝ (+374) 91 20 23 87