Նորագույն տեխնոլոգիաներով դեպի ներդաշնակ քաղաքային միջավայր
Քաղաքը հաճախ այն վայրն է, որտեղ մարդն ամենաշուտն է հիասթափվում գիտական ու տեխնոլոգիական առաջընթացից։ Եվ իսկապես, ո՞ւմ են պետք բոլոր այդ «խելացի» սարքերն ու մեր կյանքը իբր հեշտացնող տեխնոլոգիաները, երբ մենք կարոտ ենք մնում մաքուր օդի և ստվերոտ վայրերի ամռան տապին։
Սակայն «խելացի» լուծումները, պարզվում է, կարելի է նաև կիրառել քաղաքային միջավայրը շատ ավելի մարդամոտ և կենսագործունեության համար անվտանգ և հարմարավետ դարձնելու համար։
Այս գործն է անում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը (Էկոկենտրոն), որը ներգրավված է Եվրոպական միության հետազոտությունների և նորարարության «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում գործող « Connecting Nature» (թարգմանաբար՝ «միանալով բնությանը») նախագծի միջազգային կոնսորցիումի մեջ։ Դուբլինի Թրինիթի քոլեջի կողմից համակարգվող կոնսորցիումը, որի կազմում կան 16 երկիր ներկայացնող 29 կազմակերպություններ, նպատակ ունի հասնելու քաղաքային միջավայրի բարելավմանը` կիրառելով բնության հետ ներդաշնակ նորարարական լուծումներ։
«Էկոկենտրոնի ջանքերով Հայաստանի մայրաքաղաք Երևանը ընտրվեց այն եվրոպական 15 քաղաքների շարքում, որոնց համար պետք է մշակվեն բնահեն լուծումներ։ Այս լուծումները պետք է ներկայացվեն Երևանի քաղաքապետարանին կյանքի կոչելու և քաղաքը էկոլոգիապես ավելի ներդաշնակ դարձնելու նպատակով»,- ներկայացնում է իրենց ծրագիրը կենտրոնի Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և հեռազննման բաժնի ղեկավար և նախագծի հայաստանյան աշխատանքները համակարգող՝ աշխ. գիտ. թեկ. Շուշանիկ Ասմարյանը։
Պարզվում է՝ եվրոպական տարբեր հետազոտական կազմակերպությունների հետ համագործակցությունը և Եվրամիության հետազոտական նախագծերին մասնակցությունը նորություն չէ կենտրոնի համար։ Մինչ «Հորիզոն 2020»-ին մասնակցելը կենտրոնը ղեկավարել է նաև Եվրոպական միության հետազոտությունների և նորարարության 7-րդ շրջանակային ծրագրի շրջանակներում կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագիր, որի օգնությամբ էլ «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության ճանապարհ հարթվեց:
Եվրոպական միության հետազոտությունների և նորարարության «Հորիզոն 2020»-ը իրականում վիթխարի և երկարաժամկետ ծրագիր է`մոտ 80 մլրդ եվրո ֆինանսավորմամբ և յոթ տարի տևողությամբ (2014-2020): Ծրագրի ընդհանուր նպատակն է գիտական հետազոտությունը, տեխնոլոգիաներն ու նորարարությունը ծառայեցնել տնտեսական և սոցիալական խնդիրների լուծմանը, ընդ որում ի տարբերություն նախորդ նմանատիպ ծրագրի՝ «Հորիզոն 2020»-ը շեշտը դնում է ոչ այնքան բուն հետազոտության, որքան դրա կիրառման ոլորտների հայտնաբերման և այդ տեխնոլոգիաների ներդրման վրա: Այս ամենի շնորհիվ տարբեր ձեռնարկություններ կարող են առաջարկել ավելի մրցունակ և ժամանակակից արտադրանք և ծառայություններ, նոր աշխատատեղեր կարող են ստեղծվել, իսկ առօրյա կյանքը կարող է դառնալ առավել հարմարավետ և բնական միջավայրը չվնասող։
Հայաստանը, անդամակցելով ծրագրին 2016-ի նոյեմբերից, ունի հիանալի հնարավորություն օգտվելու այս ամենից և իր ներդրումն ունենալու համաշխարհային զարգացումներում։
Էկոկենտրոնը նախքան «Հորիզոն 2020» ծրագրում մասնակցությունը իրականացրել է հետազոտություններ Երևանի ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրի մշակման շրջանակներում։ «Ֆունկցիոնալ կանաչապատման իմաստն այն է, որ հաշվի առնելով բույսերի մետաղակլանիչ և փոշեկլանիչ հատկությունները՝ իրականացվի կանաչապատում էկոլոգիապես աղտոտված վայրերում համապատասխան հատկություններով օժտված ծառատեսակներով և թփերով»,- պարզաբանում է Շուշանիկը։ Նա հավելում է՝ կենտրոնի մասնագիտացված գիտահետազոտական ստորաբաժանումների կողմից իրականացվել են քաղաքում հողի, բույսերի, օդի աղտոտվածության հետազոտություններ, կիրառելով նաև տիեզերքից ստացված լուսանկարները: Այդ հետազոտությունները հնարավորություն են տվել մշակել և ներկայացնել կանաչապատման մանրամասն առաջարկներ` Երևանի թաղամասերի և անգամ փողոցների համար:
Այս առաջարկները, սակայն, հիմնականում մնացել են թղթի վրա՝ հիմնականում ֆինանսական պատճառներով, բայց գաղափարը մնացել է և որոշ թարմացումից ու շտկումներից հետո Երևանի Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ կիրառվելու է ներկա գործող միջազգային ծրագրում ևս։
Այս գաղափարը բնահեն և գիտահեն լուծման օրինակ է, ինչը համապատասխանում է Հորիզոն 2020-ի « Connecting Nature» նախագծի նպատակներին։
«Երևանում ֆունկցիոնալ կանաչապատման կյանքի կոչման գաղափարը շատ հետաքրքրեց միջազգային գիտական հանրությանը»,- ասում է Շուշանիկը:
Բացի Հորիզոն2020-ի ֆինանսավորմամաբ հետազոտությունից, կենտրոնն առաջարկել է այլ «կանաչ» գաղափարներ ևս։ Դրանցից մեկը, որն արդեն փոքր ծավալով իրագործվել է՝ «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի օժանդակությամբ, Երևանի մանկապարտեզների էկոլոգիական միջավայրը բարելավելուն է ուղղված։ Ըստ այս ծրագրի, ընտրվել է նախորդ տարիներին կենտրոնի կողմից ուսումնասիրված և առավել վատթար վիճակում գտնվող Երևանի մանկապարտեզներից մեկը, որի տարածքում ստեղծվել է «կանաչ պատ»` ֆիզիկական պատնեշ, որը երեխաներին կպաշտպանի փողոցի փոշուց, աղմուկից և արտանետումներից։
Հորիզոն 2020 «Connecting Nature»-ը թեև չի նախատեսում նման «շինարարական» աշխատանքների համար ֆինանսավորում, այն ստեղծում է հարթակ համապատասխան ֆինանսավորող կազմակերպություններին հանդիպման և ֆինանսական միջոցների ներգրավվման համար։
Քաղաքային միջավայրի մեկ այլ կարևոր խնդիր են այսպես կոչված «ջերմային կղզիները»։ Դրանք առաջանում են քաղաքի վատ օդափոխման հետևանքով, տաք օդի կուտակման արդյունքում։ Նման տարածքներ կարող են ձևավորվել Երևանի փոքր կենտրոնում, ուր անկանոն բարձրահարկ կառուցապատումը արգելափակում է զովացնող քամիների շարժը և նպաստում են այդպիսի վայրերի առաջացմանը։
Համատարած ասֆալտապատումը, բետոնապատումը, քարե կառույցների ավելացումը, կանաչ տարածքների նվազումը ևս նպաստում է դրան։ Խնդրի ուսումնասիրման համար ներգրավել են տիեզերական լուսանկարների և անօդաչու թռչող սարքից ստացված ջերմային լուսանկարներ, և ուսումնասիրվել է և շարունակում է ուսումնասիրվել ջերմային կղզիների ձևավորման ժամանակային դինամիկան՝ պատմում է Շուշանիկը։
Կենտրոնի այս ուղղությամբ մեկ այլ գիտահետազոտական նախագիծ ՝ ուղղված Երևան քաղաքի տարածքում ջերմային կղզիների ուսումնասիրման հեռազննման մեթոդների մշակմանը 2018թ սեպտեմբերից հաստատվել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից՝ «Հորիզոն 2020» ծրագրի շահառուի «H2020 BONUS-AM» խրախուսման բացառիկ իրավունքով:
«Մեր առաջիկա պլաններն են` մինչև 2022 թիվը այնպես անել, որ քաղաքի բազմաթիվ մանկապարտեզներ ունենան կանաչ պաշտպանիչ պատեր, ինչպես նաև ավելացնել ուղղահայաց կանաչապատումը՝ մագլցող բույսերը, որոնք տարածվում են շենքերի տարբեր հատվածներում»,- ասում է Շուշանիկը և ժպտում՝ պատկերացնելով, թե ինչքան ավելի կանաչ Երևան կարող է լինել ընդամենը մի քանի տարի անց։
Ուրախալի է, որ նման հետազոտություններ արվում են յուրօրինակ բնակլիմայական պայմաններ ունեցող Երևանում, որն ունի շրջակա միջավայրի բավական լուրջ խնդիրներ։ Այստեղ ձեռք բերված փորձն օգտակար կարող է լինել այլ վայրերում ներդրման համար ևս՝ նպաստելով առավել առողջ և դինամիկ զարգացող քաղաքներում ապրելու համաշխարհային նպատակի իրականացմանը։
ԵՄ Հորիզոն 2020-ի մասին
Հորիզոն 2020-ը հետազոտությունների և նորարարության խթանմանն ուղղված ԵՄ խոշորագույն ծրագիրն է ` շուրջ 80 միլիարդ եվրո բյուջեով, որը նախատեսված է 7 տարվա համար (2014 -2020 թթ.):
Այն նաև աջակցում է գիտության ոլորտում ԵՄ միջազգային համագործակցությունը:
2016թ.-ի նոյեմբերին Հայաստանը ասոցացվեց Հորիզոն 2020-ին:
Ասոցացված երկրներից համալսարանները, հետազոտական ինստիտուտներն ու ձեռնարկությունները կարող են դիմել Հորիզոն 2020-ի համագործակցային նախագծերի մրցույթին՝ ԵՄ անդամ երկրների համապատասխան հաստատությունների հետ հավասար պայմաններով և առնվազն 2 միջազգային գործընկերների հետ համատեղ:
Հորիզոն 2020-ի ուշադրության կենտրոնում են փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) հատկապես այնպիսինները, որոնք առաջարկում են հեղափոխական նորարարական գաղափարներ, ինչպես նաև ապրանքների կամ ծառայություններ։
Ծրագիրն օգնում է, որպեսզի նորարարական տեխնոլոգիաները կիրառվեն արտադրության, ծառայությունների և այլ ոլորտներում` նպաստելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ խնդիրների լուծմանը։