Եկա, տեսա, գոլ խփեցի. երիտասարդ կանայք կարծրատիպերի դեմ
Ծովագնացությունը կամ ճանապարհային արկածների անորոշությունը, խաղի կամ հայտնագործության ուրախությունը հազվադեպ են վերագրվում կանանց: Հայաստանի հատկապես գյուղերում, կանայք այնքան զբաղված են երեխաների մասին հոգ տանելով կամ այլ տնային գործերով, որ ժամանակ չունեն զբաղվել սպորտով, ստարտափ հիմնել, կազմակերպել իրենց աշխատանքների ցուցահանդես կամ մասնակցել միջազգային համաժողովի: Կենսակերպի ավանդական մոդելը ձևավորվում է դեռահասության շրջանում մի միջավայրում, որը սահմանափակում է սահմանված ուղուց շեղվելու, ուսումնասիրելու և զվարճանալու հնարավորությունը ողջ կյանքի համար պարտականություններ ստանձնելուց առաջ: Իրենց ընտանիքների և երեխաների մասին հոգալուց բացի Հայաստանի գյուղերի կանայք, հնարավոր է, ձգտում են նաև այլ, ոչ ավանդական կենսակերպերի ու նպատակների։
Իսկ ի՞նչ կլիներ, եթե ամեն այլ կերպ լիներ: Եթե նրանք առողջ թերահավատությամբ մոտենային իրենց համայնքի մեծամասնության կարծիքին, եթե պարզեին, որ այն, ինչն անհնար է թվում, մոտ ու հասանելի է իրենց ջանասիրության ու համառության շնորհիվ:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ-ի) կողմից իրականացվող «Կամուրջ ՔՀԿ-ների համար» ծրագիրը, որը նպատակ ունի զարգացնել քաղաքացիական հասարակությունը, զգալի աշխատանք է կատարում, որպեսզի ցույց տա գյուղական համայնքների երիտասարդ կանանց ու աղջիկներին, որ հինավուրց ասույթը հավանաբար ճիշտ է. «... զինվորին պետք է պատերազմ, վաճառականին՝ փող, կնոջն` ամբողջ աշխարհը»:
Նվիրվել նպատակներին
«GOALS» ՀԿ-ն հիմնադրվել է Զեք Թեյլերի և Վիկտորյա Դոկենի կողմից, ովքեր Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորներ էին, երբ որոշեցին, որ ցանկանում են ինչ-որ չափով բառացիորեն ֆուտբոլում հավասարեցնել դաշտը տղաների և աղջիկների համար: Զեքի՝ Գորիսի մի գյուղում ֆուտբոլային թիմ սկսելու առաջին փորձը ձախողվեց, քանի որ ոչ մի մարզիչ չցանկացավ աշխատել աղջիկների հետ: Հետո նա հանդիպեց հարևան գյուղերից այլ մարդկանց, ովքեր հետաքրքրված էին նման գաղափարով, և 2016 թ.-ի մարտին Գորիսում ստեղծվեց աղջիկների առաջին ֆուտբոլային լիգան:
«Սկսվեց մի նախագծից ու դարձավ կազմակերպություն», - ասում է GOALS-ի համահիմնադիր Վիկտորյա Դոկենը, - «Հիմա նոր ակումբներ ենք հիմնում։ Ամառային ճամբարներ ենք կազմակերպում, ունենք աղջիկների չորս լիգա Հայաստանի տարբեր մարզերում: Մեր կատարած աշխատանքը սոցիալական ազդեցություն ունի: Մեր կազմակերպած դասընթացներին օգտագործում ենք սպորտային և ինտերակտիվ խաղեր, որ խոսենք այնպիսի սոցիալական հարցերի մասին, ինչպիսիք են մարդու իրավունքները, կանանց իրավունքները, կոնֆլիկտների լուծումը և այլն: Մարդիկ սովորում են այդ վերապատրաստման դասընթացներից, թե ինչպես օգտագործել նման խաղերն իրենց համայնքների երիտասարդության համար: Այժմ ստեղծվել են տասնհինգ ակումբներ»:
Ի պատասխան մասնակիցների մեջ նկատվող փոփոխությունների մասին հարցին Վիկտորյան ասում է, որ աղջիկները դառնում են ավելի ինքնավստահ, ավելի կշռադատված են որոշումներ կայացնում և հաջողությամբ ղեկավարում: Այս մասին են վկայում նաև ֆուտբոլի ազդեցության վերաբերյալ միջազգային հետազոտությունները:
«Ծնողներն ու մարզիչներն էլ են նշում, որ փոխել են իրենց կարծիքը այն մասին, թե արդյոք կանայք կարող են տղամարդկանց պես ֆուտբոլ խաղալ: Սկզբում ծնողները տատանվում էին, քանի որ կարծում էին, թե իրենց դուստրը վնասվածք կստանա կամ «տղամարդկային» կդառնա, բայց հետո միտքը փոխել են»:-ասում է Վիկտորիան:
Մի ամառ ֆուտբոլային ճամբարում GOALS-ը ականատես եղավ, թե ինչպես է կարծրատիպը կոտրվում մեկ երեկոյի ընթացքում: Սկզբում տղաները չէին ուզում ընտրել աղջիկներին որպես թիմակիցներ, քանի որ ենթադրում էին, որ վերջիններս չեն կարող նույնքան արագ վազել կամ նույնքան լավ խաղալ, բայց նրանց խաղը տեսնելուց հետո մտափոխվեցին։
Կազմակերպությունը Գորիսում լիգայի լավագույն ֆուտբոլիստներից կազմված թիմ ունի, որն այժմ Երևանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է խաղում: Վերջերս խաղացողներից չորսին նույնիսկ առաջարկեցին խաղալ ազգային հավաքականում: Այժմ GOALS-ն աշխատում է ավելի շատ թիմեր ստեղծել և ֆեդերացիայի համար նաև այլ մարզերից աղջիկների ընտրել: Բացի այն, որ Վիկտորյան մեծացել է ֆուտբոլ խաղալով, նա ընտրել է սպորտաձևը, որովհետև այն թիմային է և հատուկ պարագաներ չի պահանջում:
Դոկենն ասում է. «Այս տարածաշրջանում ապրելով, Զաքն ու ես ականատես ենք եղել գենդերային կարծրատիպերի և գենդերային նորմերի շատ ավելի մեծ ազդեցությանը: Վաղ ամուսնությունը և կարիերայի նպատակներ չհետապնդելը տարածված է Գորիսի աղջիկների շրջանում։ Նրանք նախընտրում են դառնալ տնային տնտեսուհիներ չնայած ունեն բարձրագույն կրթություն: Չեմ ասում, որ դա լավ է կամ վատ, պարզապես տարածված է, գոյություն ունեցող գենդերային նորմ է: Երբ մեծանում ես մի հասարակությունում, որը որոշակի սպասելիքներ ունի ձեզնից, ինքներդ ձեզնից նույնն ես ակնկալում: Եթե անընդհատ լսում ու տեսնում ես նույնը, սկսում ես դրան հավատալ: Մենք փորձում ենք այլ ուղերձ տալ ուայլ օրինակներ բերել:
«Կամուրջ ՔՀԿ-ների համար» ծրագրի աջակցությամբ GOALS-ը նաև նպատակ ունի մոտեցնել Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին: Դեյվիդ Դիքրանյանը, ով երկար տարիներ Յեյլ համալսարանում մարզչի օգնական էր, առաջին անգամ եկավ Հայաստան, որպես GOALS ամառային ճամբարի կամավոր մարզիչ: Տարածված «Ինչպիսի՞ն էր Հայաստանը» հարցին, նա կարճ պատասխանեց.
«Սիրահարվեցի»:
Դեյվիդը մտադիր է վերադառնալ դեկտեմբերին: Նա նշում է, թե որքան շնորհակալ ու հյուրընկալ էին աղջիկները, հիշում է, թե ինչպես հետևից ջուր լցրեցին` վստահության և հարգանքի նշան մարզիչի ու մարզիկի միջև: Ճամբարի փորձը ոգեշնչել է նրան Երևանում իր սեփական աղջիկների ֆուտբոլային ակումբը սկսել:
«Իմ տպավորությունն այն է, որ Հայաստանում հնարավորությունների առումով գենդերային տարբերությունները հետզհետե փոխվում են. ուզում եմ լինել այդ փոփոխության մի փոքր մասը», - ասում է Դիքրանյանը:
Տեխնոլոգիայի մարտահրավերը
Ինչպես ցույց տվեց GOALS-ի փորձը, ֆիզիկական կարողությունների զարգացումը և սոցիալական փոփոխությունները սերտորեն փոխկապակցված են, սակայն «Bridge» ծրագիրը նաև փորձում է կամրջել Հայաստանն ու մնացյալ աշխարհը, ինտելեկտուալ ջանքերն ու սոցիալական բարեփոխումները, հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց:
Արագածոտնի մարզի Կարբի գյուղից մի թիմ հաղթող է ճանաչվել «Համաշխարհային տեխնոլոգիական մարտահրավեր 2017» միջազգային մրցույթում «Ժողովրդի ընտրություն» անվանակարգում։ Մրցույթը նախատեսված է իրենց համայնքում առկա որևէ խնդիր լուծելու համար բջջային հավելված ստեղծած աղջիկների համար: Չորս աղջիկներից բաղկացած «Մեկ քայլ առաջ» թիմը Android-ի համար ժեստերի լեզվի հավելված է ստեղծել և՛ անգլերեն, և՛ հայերեն լեզուներով, և մեկնել Սան Ֆրանցիսկո, ՏՏ-ի համաշխարհային մայրաքաղաք, որպեսզի ներկայացնի նախագիծն ու բիզնես պլանը: Աղջիկները գունագեղ նկարազարդումներով և տեսանյութերով հավելվածը պատրաստվում են ավելի զարգացնել մրցույթում հաղթած 10.000 ԱՄՆ դոլարի օգնությամբ և անվճար տեղադրել Google Play Market-ում:
Հավելվածի գաղափարը ծագել է անմիջապես խնդրին առնչվելիս: Իրենց հասակակիցներից մեկին այցելել էր լսողության խանգարում ունեցող բարեկամը: Համայնքում ոչ ոք չգիտեր ժեստերի լեզուն: Միջադեպը աղջիկների համար շարժառիթ դարձավ, մեկ քայլ առաջ մղեց Android- ի հավելվածի ստեղծման գործում:
«Այս մարտահրավերը հատկապես կարևոր էր ինձ համար: Ապագա ծրագրավորող եմ, քանի որ լավ եմ զգում այս ոլորտում»,-ասում է թիմի անդամներից մեկը:
«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն, որն ամենամյա միջազգային մրցույթը բերել է Հայաստան, նպատակ ունի նպաստել հայ աղջիկների և կանանց ինտեգրմանը տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտ, որը միջազգային մակարդակով այժմ ունի տղամարդկանց 1:7 հարաբերակցությունը կանանց, իսկ Հայաստանում` 1:2: Երկրի նվիրված մանկավարժները, որոնցից ոմանք ծրագրավորումը սովորում են զրոյից, պետք է սովորեցնեն իրենց աշակերտներին: Կարբիի աղջիկների նվաճումը վկայում է Հայաստանի կանանց հարուստ բազմակողմանի ներուժի մասին արագ զարգացող և դաշտը միջազգային մակարդակով բոլորի համար հավասարեցնող ՏՏ ոլորտում:
ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կամուրջ ՔՀԿ-ների համար» ծրագիրը համագործակցում է Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ՝ ցույց տալու, որ թե´ համակարգչի էկրանի առաջ, թե´ֆուտբոլի դաշտում, աղջիկներն ու կանայք կարող են հասնել կարևոր նվաճումների և ունենալ երազանքներ, որոնք հատում են գենդերային կարծրատիպերի սահմանագիծը: Հասարակության պատասխանատվությունն է հնարավորություններից հավասար օգտվելու և ներուժն օգտագործելու պայմաններ ստեղծել ամենքի համար՝ հանուն ավելի բազմազան և արդար ապագայի: