Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում մեկնարկելու են մայիսի 11-ին և կանցկացվեն մինչև մայիսի 26-ը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին՝ մասնակցելու Եվրոպայի օրվա* հանրային միջոցառումներին: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի 5 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:
Եվրոպայի օր 2019-ի տոնական միջոցառումները կանցնեն «Ճանապարհ դեպի Եվրոպա» խորագրի ներքո: Եվրոպայի օրվա մարզային առաջին բացօթյա տոնակատարությունը տեղի կունենա Կապանում մայիսի 11-ին: Եղեգնաձորը կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 12-ին, Իջևանը՝ մայիսի 17-ին, Դիլիջանը՝ մայիսի 18-ին, Գյումրին՝ մայիսի 19-ին, իսկ Երևանում տեղի կունենան մայիսի 21-ին դասական համերգ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան և ամփոփիչ բացօթյա տոնակատարությունը՝ մայիսի 26-ին:
Եվրոպայի օրվա շրջանակում, մայիսի 26-ին Երևանում նախատեսվում են նաև սկանդինավյան քայլք ԵՄ դեսպանի հետ, տեղեկատվական ցուցահանդես և մեծ բացօթյա համերգ հայաստանյան և եվրոպացի արտիստների մասնակցությամբ:
Մայիսի 11-ին, Կապանում Եվրոպայի օրվա տոնական միջոցառումների շրջանակում, կիրականացվի պլաստիկ թափոնների վերամշակման նորաստեղծ արտադրամասի պաշտոնական բացումը (հասցե՝ ք. Կապան, Գործարանային 15): Արտադրամասը հիմնվել ու վերազինվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բնապահպանական մարտահրավերի վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինանյութի ստացում» ծրագրի շրջանակում:
Այս ծրագրով առաջին անգամ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հիմնվում է ստարտափ վերամշակման գործարան, որտեղ պլաստիկ թափոնը որոշակի տեխնոլոգիական գործընթացից և ավազի հետ խառնվելուց հետո վերածվում է շինանյութի: Ստարտափին բավարար քանակությամբ պլաստիկ թափոններ մատակարարելու համար ստեղծվել է դրա տարանջատման և հավաքման ենթակառուցվածք Եղեգնաձորից Մեղրի ընկած հատվածում՝ ներառելով Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 9 համայնքները: Սալահատակի եզրաքարերի և փողոցային սալիկների առաջին խմբաքանակը կուղղվի այն համայնքների հանրային տարածքների բարելավմանը, որոնք արտադրական գծին տրամադրել են պլաստիկ թափոններ:
Երկամյա ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 750 հազար եվրո, որից շուրջ 510 հազար եվրոն տրամադրել է Եվրոպական միությունը: Ծրագրի բյուջեի 25%-ը ֆինանսավորել են ՀՀ կառավարությունն ու ծրագիրն իրականացնողները՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը և Կապանի քաղաքապետարանը:
Կապանի Գ. Նժդեհի անվան հրապարակում տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 16:30-ին: Ներկաներին կողջունեն և Եվրոպայի օրվա առթիվ կշնորհավորեն Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Կապանի համայնքային իշխանությունների ներկայացուցիչները:
Ժամը 17:30-ին լրագրողներին հրավիրում ենք ԵՄ պատվիրակության տաղավար, որտեղ տեղի կունենա ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի ճեպազրույցը:
Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ: Այս տարի Կապանի Գ. Նժդեհի անվան հրապարակում անցկացվելու են բազմաթիվ մրցույթներ երեխաների ու մեծերի համար, իսկ միջոցառման ավարտին ելույթ կունենա հայկական ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ «Նեմրա»-ն:
Եղեգնաձորի ամֆիթատրոնում տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 12-ին ժամը 15:00-ին: Ներկաներին կողջունեն և Եվրոպայի օրվա առթիվ կշնորհավորեն Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եղեգնաձորի համայնքային իշխանությունների ներկայացուցիչները: Այս տարի Եղեգնաձորի ամֆիթատրոնում անցկացվելու են բազմաթիվ մրցույթներ երեխաների ու մեծերի համար, իսկ միջոցառման ավարտին ելույթ կունենա Արամ MP3-ը:
Ժամը 16:30-ին լրագրողներին հրավիրում ենք Եղեգնաձորի ամֆիթատրոնում պատվիրակության տաղավար, որտեղ տեղի կունենա ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի ճեպազրույցը:
Այս հղումով կարող եք ծանոթանալ Եվրոպայի օրվա շրջանակում սպասվող հայաստանյան միջոցառումների մանրամասներին https://www.youtube.com/watch?v=bN4Z92c5hew&feature=youtu.be
Միջոցառումների մանրամասները հասանելի են նաև ֆեյբուքյան օրացույցով՝ https://www.facebook.com/eudelegationtoarmenia :
Հանրային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
ԶԼՄ հարցումների և գրանցման համար դիմել Լիանա Խաչատրյանին՝ + 374 77 789 659 liana.khachatryan@publicis.am
###
*1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար: