Ընդլայնված շարժունակություն ԵՄ-ի հետ

2011թ. Հայաստանի հետ ստորագրվեց «Շարժունակության շուրջ գործընկերություն» համաձայնագիրը։ Ըստ համաձայնագրի, երկու կողմերը ստանձնում են  հանձնառություն բարելավել քաղաքացիների տեղաշարժը երկու ուղղություններով՝ միաժամանակ աշխատելով ապահովել միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարում, այդ թվում անկանոն միգրացիայի կանխարգելում և կրճատում։

2014թ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «ԵՄ և ՀՀ-ի միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը։ Ըստ համաձայնագրի, Շենգենյան վիզաների դիմումները պարզեցված ընթացակարգով ընդունող երկրներն են. Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան և Շվեդիան: Համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Լիխտենշտեյնի և Շվեյցարիայի նկատմամբ։

Համաձայնագրով նախատեսվում է քաղաքացիների կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ընթացակարգ Շենգենյան գոտու երկրներ այցելությունների համար։ 

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր։ 

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիր։ 

VisaWise Armenia Հայաստան. Դիմիր ճիշտ, ճամփորդիր ազատ

Շենգենյան վիզաների ուղեցույց Հայաստանի քաղաքացիների համար

Շենգենի համաձայնագրով մարդկանց հնարավորություն է տրվել ճամփորդել այդ համաձայնագրի անդամ երկրների տարածքներում առանց սահմանային հսկողություն անցնելու։ Դա նշանակում է, որ այն պահին, երբ անձն օրինական ճանապարհով որևէ երկրի տարածքով մուտք է գործում շենգենյան գոտի, նա կարող է անխոչընդոտ տեղաշարժվել այդ և բոլոր այլ անդամ երկրների տարածքներով։ 

 

Երրորդ երկրների քաղաքացիներից շենգենյան համակարգը պահանջում է վիզայի առկայություն և ճամփորդության կանոնների պահպանում։ Շենգենյան վիզան երրորդ երկրների քաղաքացիների համար շենգենյան գոտի մուտք գործելու և այնտեղ 180 օրվա ընթացքում առավելագույնը 90 օր գտնվելու թույլտվություն է:

 

Քանի որ Հայաստանը Եվրոպական միության անդամ չէ և դեռ չի հայտնվել դեպի ԵՄ առանց վիզայի մինչև 90 օր ժամկետով այցելելու հնարավորություն ունեցող երկրների ցանկում, ՀՀ անձնագիր կրողները պարտավոր են շենգենյան վիզա ստանալ մինչև մեկնումը:

 

Ստորև ներկայացված է շենգենյան վիզայի համար դիմելու քայլ առ քայլ ուղեցույց՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև ուսուցողական տեսանյութեր, որոնք կօգնեն ձեզ ծանոթանալ շենգենյան վիզայի ընթացակարգին և խուսափել դիմումների ներկայացման ընթացքում առավել հաճախ հանդիպող սխալներից։

 

Ինչպես պատրաստել ուժեղ շենգենյան վիզայի դիմում՝ քայլ առ քայլ

Ինչպես է աշխատում շենգենյան վիզայի համակարգը

Ինչպես խուսափել շենգենյան վիզայի դիմելու ընթացքում ամենատարածված սխալներից

 

Ուսում

Էրազմուս+ 

«Էրազմուս+»-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով։ Վերջին 30 տարիներին ծրագիրն ապահովել է կենսակերպը փոխող փորձառություն ավելի քան 10 միլիոն մասնակցի համար և կշարունակի առաջարկել հնարավորություններ անհատներին և կազմակերպություններին հաջորդ 2021-2027թթ․ յոթնամյակում։ 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Եվրոպական հանձնաժողովի Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության կայքում և Էրազմուս+ ծրագրի ուղեցույցում։ 

Հավելյան տեղեկությունների համար կարող եք դիմել  Հայաստանում գործող Էրազմուս+ ազգային գրասենյակի 

Ուսում Եվրոպայում  

«Ուսում Եվրոպայում» ԵՄ ծրագիրը    տեղեկատվություն է տրամադրում եվրոպական 33 երկրում ուսումնառության հնարավորությունների մասին։ Այդ երկրները մասնակից են «Էրազմուս+»  ԵՄ ծրագրին և  աջակցում են ամբողջ աշխարհի գործընկեր երկրների ուսանողներին   ուսում ստանալ Եվրոպայում։ Այստեղ կարող եք ստանալ գործնական տեղեկություն, որը կօգնի  նախապատրաստվել դասընթացներին Եվրոպայում։  

ԵՄ տեղեկատվական կենտրոն

Եվրոպական միության Եվրոպական տեղեկատվական կենտրոնները (EUi, նախկինում՝ Եվրոպական փաստաթղթային կենտրոններ՝ EDC) տեղակայված են ինչպես Եվրոպական միության տարածքում, այնպես էլ երրորդ երկրներում։

Եվրոպական տեղեկատվական կենտրոնները (EUi) տեղեկատվական մասնագիտացված կենտրոններ են, որոնք ստեղծվել են համալսարաններում, ուսումնական և հետազոտական հաստատություններում, մասնագիտական ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպություններում՝ Եվրոպական միության վերաբերյալ ուսուցումը, հետազոտությունները և հանրային իրազեկվածությունը խթանելու նպատակով։

Եվրոպական միության տեղեկատվական կենտրոնը (EUi) հիմնադրվել է Եվրոպական միության պատվիրակության կողմից 2007 թվականի նոյեմբերին՝ Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոնում (CELI):