Հայաստան/Ադրբեջան․ Հաստատվել է «ԵՄ դիտորդական կարողության» տեղակայումը միջազգային սահմանների երկայնքով

18.10.2022

ԵՄ խորհուրդն այսօր որոշում է ընդունել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում մինչև 40 դիտորդ-փորձագետներ տեղակայել՝ իրականացնելու տարածքում տիրող իրավիճակի դիտորդություն, վերլուծություն զեկուցում: Այս որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը և նպատակ ունի նպաստել տարածքում խաղաղության և անվտանգության վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ու երկու պետությունների միջև միջազգային սահմանիսահմանազատմանը։

«ԵՄ-ի կողմից մինչև 40 ԵՄ դիտորդ-փորձագետների տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով նպատակ ունի ձևավորել վստահություն անկայուն իրավիճակում, որը սպառնալիք է ստեղծում մարդանց կյանքի համար և խարխլում է հակամարտության կարգավորման գործընթացը: Սա ևս մեկ անգամ վկայում է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հատատման նպատակին հասնելու ԵՄ անվերապահ հանձնառության մասին»։

Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորել

«ԵՄ դիտորդական կարողության» ծավալումը սահուն կազմակերպելու նպատակով որոշում է ընդունվել ժամանակավորապես տեղակայել Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության (EUMM Georgia) ԵՄ դիտորդ-փորձագետներին։ Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունն օպերատիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այս որոշումը չազդի Վրաստանում իրականացվող դիտորդական կարողության վրա:

Դիտորդական առաքելությունն ունի ժամանակավոր բնույթ և սկզբունքորեն կգործի ոչ ավելի քան երկու ամիս տևողությամբ։

 

Ընդհանուր տեղեկություն

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում համաձայնեցված հռչակագրին, համաձայն որի պետությունները երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ այն հիմք կհանդիսանա սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, և սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում հոկտեմբերի վերջին։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և զեկուցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքներին:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչին ուղղված գրությամբ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարը ԵՄ-ին է ներկայացրել  Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու հրավերը։