ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հայտարարությունը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսին

13.02.2024
Բրյուսել
EEAS Press Team

 

Բրյուսել, 13-ը փետրվարի 2024 թվական

Check against delivery! 

Շնորհակալություն, պարոն նախարար,

Հարգելի բարեկամ, հարգելի [Հայաստանի արտաքին գործերի նախարար, Արարատ] Միրզոյան, ուրախ եմ ողջունել Ձեզ այստեղ՝ Բրյուսելում՝ ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 5-րդ նիստի կապակցությամբ։

Այսօր, մեր քննարկման ընթացքում, հստակ ի ցույց է  դրվել, որ մեր հարաբերությունները զարգանում են դրական հունով։

Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու մեր հարաբերությունների ամբողջ ծավալը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում։ Միևնույն ժամանակ արձանագրեցինք, որ առկա է ՀԸԳՀ ողջ ներուժը բացահայտելու անհրաժեշտություն:

Հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում վարչապետը [Նիկոլ Փաշինյանը] հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրոպական միությանը։

Ի պատասխան՝ անցյալ տարվա հոկտեմբերին Եվրոպական խորհուրդը, Եվրոպական միության ամենաբարձր քաղաքական մակարդակով, հանձնարարեց ինձ և [Եվրոպական] Հանձնաժողովին՝ գտնել ուղիներ ամրապնդելու մեր հարաբերությունները՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները, «բոլոր հարթություններում»:

Այս համատեքստում այսօր որոշեցինք աշխատանքներ սկսել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր հավակնոտ օրակարգի շուրջ։

Այս որոշումը հարաբերությունների  ռազմավարական նոր փուլի համար փոխադարձ հետաքրքրության ուժեղ ազդակն է, և այն կտրամադրի հստակ ճանապարհային քարտեզ և ապագայի տեսլական:

Խոսքը վերաբերում է ապագային։ Ապագան սկսվում է այսօր։

Բայց եկեք նայենք հետ՝ անցած տարվան: Մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները շարունակել են դրված լինել մեր համագործակցության հիմքում: Ես ողջունել եմ արդարադատության ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերը և խրախուսել եմ Հայաստանին խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության  դեմ պայքարում առկա մարտահրավերների ուղղությամբ հետագա աշխատանքներ տանել։

Ցանկանում եմ նաև շնորհավորել Հայաստանին, ինչպես նշեցի, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնող 124-րդ պետությունը դառնալու կապակցությամբ: Դա Ձեր կողմից շատ կարևոր և խիզախ որոշում է։

Նայելով առաջ՝ մենք քննարկեցինք Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու տարբերակները: Ես դրականորեն ի գիտություն ընդունեցի Հայաստանի մեծ հետաքրքրությունը և խրախուսեցի Հայաստանին շարունակել բարեփոխումները՝ այս ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար։

Միասին մենք քննարկեցին, թե ինչպես կարող ենք ամրապնդել մեր հարաբերությունները և, մասնավորապես, Հայաստանի դիմակայությունը, հատկապես առևտրի, էներգետիկայի, կապի և ավիացիոն անվտանգության ոլորտներում: Մենք նաև կօգնենք շահագործումից հանել Մեծամորի ատոմակայանը՝ միաժամանակ բարելավելով միջուկային անվտանգությունը։

Ես վերահաստատեցի Եվրոպական միության հանձնառությունն՝ ուղղված Սևծովյան էլեկտրական մալուխի ծրագրին և տարածաշրջանային հաղորդակցության այլ ծրագրերին Հայաստանի մասնակցության աջակցությանը։ Այս նախաձեռնությունները մեծ ներուժ ունեն ծառայելու [որպես] խաղաղության երաշխիքներ:

Եվ, եթե թույլ տաք, պարոն Նախարար, սա ինձ մոտեցնում է մեկ այլ կարևոր թեմայի։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ցավալիորեն անդրադառնալով սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը։

Երեկ Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորի ուղղությամբ կրակոցը ցավալի էր։ Բայց, կարծես Ադրբեջանի արձագանքն էլ այսօր անհամաչափ էր՝ անտեսելով ՀՀ պաշտպանության նախարարի [Սուրեն Պապիկյանի] հայտարարությունն այն մասին, որ այդ միջադեպն ամբողջությամբ կհետաքննվեր Հայաստանի կողմից։

Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում ուժերի հետքաշման հրատապ անհրաժեշտությունը, ինչը Եվրոպական միությունը տևական ժամանակ քարոզում է: Այսօր ես պետք է կրկնեմ Եվրոպական միության լիակատար հանձնառությունը՝ աջակցելու կայունությանը և հարատև խաղաղությանը՝ հիմնված  ինքնիշխանության, սահմանների անքակտելիության   և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա։

Մեր առաքելությունը Հայաստանում՝ ԵՄ առաքելությունը Հայաստանում (ՀԵՄԱ) վերջերս համալրվել է ավելի ուժեղ և մեծ կազմով ու կշարունակի նպաստել կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը:

Մենք շարունակելու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված հայերին. այսօր հանձնաժողովը հայտարարեց հավելյալ 5,5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության մասին: Այս ֆինանսավորումը գալիս է ի հավելումն սեպտեմբերին արդեն իսկ տրամադրված 12,2 միլիոն եվրո աջակցությանը՝ հրատապ հումանիտար կարիքները հոգալու նպատակուվ, ինչպես նաև 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն Հայաստանի սոցիալ-տնտեսական կարիքներին: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ձեր հասարակության և տնտեսության մեջ փախստականների ինտեգրման հարցում։

Մենք քննարկել ենք Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու այլ ուղությունները, և ես իմ լիակատար հանձնառություն եմ հայտնել անվտանգության և պաշտպանության ոլորտում մեր համագործակցության հետագա խորացմանը։ Մենք մեր երկխոսությունը առաջիկա ամիսներին կկառուցենք արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի շուրջ։

Այսօրվա հանդիպումը հստակ ի ցույց դրեց, որ ԵՄ-Հայաստան հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, և որ երկուստեք շահագրգռվածություն կա դրանք էլ ավելի առաջ մղելու համար։

[Մենք հաստատեցինք] մեր հանձնառությունը զարգացնելու այս օրակարգը, որը հավակնոտ օրակարգ է մեր վերանայված գործընկերության շրջանակում։ Եվ երբ մենք առաջադիմենք այս աշխատանքներում և կարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել, ուրախ կլինեմ այցելել Ձեզ Հայաստանում և ձեզ հետ միասին տեսնել Ձեր հիասքանչ համայնապատկերները:

Շնորհակալություն

 

Nabila Massrali
Spokesperson for Foreign Affairs and Security Policy
+32 (0) 2 29 88093
+32 (0) 460 79 52 44