Նախապատմություն

Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելությունը (ԵՄԳԱ Հայաստան) քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է, որը գործում է Եվրոպական միության Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) շրջանակում։ 

Առաքելությունը հիմնվել է 2026 թվականի ապրիլի 21-ին:

ԵՄԳԱ Հայաստանը հիմնվել է Հայաստանի Հանրապետության կառավարության դիմումի համաձայն։ Առաքելությունը Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի ընդգրկուն և համաձայնեցված մոտեցման անբաժանելի մասն է, որը  համադրում է կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցություն՝ նպաստելով Հայաստանի ազգային անվտանգությանը և դիմակայունության ամրապնդմանը։

Առաքելության մանդատ

Առաքելությունն աջակցում է Հայաստանին ամրապնդել իր դիմակայունությունը  և կարողությունները՝ որպեսզի երկիրը կարողանա առավել արդյունավետ հակազդել օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը, կիբեռսպառնալիքներին, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերին: 

Մասնավորապես, առաքելությունը կտրամադրում է ռազմավարական խորհրդատվություն, մասնագիտական փորձագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աջակցություն:

 Այն աշխատում է Հայաստանի պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ: Նպատակ ունենալով՝ օգնելով կատարելագործել պետական քաղաքականությունները, զարգացնել մասնագիտական և ինստիտուցիոնալ կարողությունները և ամրապնդել գերատեսչությունների միջև համակարգումը։ Առաքելությունը  կարող է նաև աջակցել այն ծրագրերին, րոնք նպաստում են իր մանդատով սահմանված նպատակների իրականացմանը։ Միաժամանակ, այն ԵՄ-ի՝ Հայաստանի անվտանգության, դիմակայունության և ժողովրդավարական զարգացմանն ուղղված ընդգրկուն աջակցության անբաժանելի մասն է։

Առաքելության անձնակազմը հիմնականում բաղկացած է Եվրոպական միության անդամ պետությունների կողմից գործուղված փորձագետներից, որոնք Հայաստան են բերում Եվրոպայի տարբեր երկրներում ձեռք բերած գործնական փորձն ու բարձր մասնագիտական գիտելիքները: 

ԵՄԳԱ Հայաստանը քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է: Այն չունի գործադիր լիազորություններ և չի մասնակցում  Հայաստանի իշխանությունների կողմից որոշումների ընդունման գործընթացին։

Հարցեր և պատասխաններ

Ինչո՞ւ է Եվրոպական միությունը տեղակայել այս առաքելությունը։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ԵՄ-ն

Եվրոպական միությունը տեղակայել է առաքելությունը ՀՀ կառավարության դիմումի համաձայն։ Առաքելությունը Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի ընդգրկուն և համաձայնեցված մոտեցման անբաժանելի մասն է, որը  համադրում է կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցություն՝ նպաստելով Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը։

Առաքելության նպատակն է օգնել Հայաստանին ամրապնդել ազգային անվտանգությունն ու դիմակայունությունը՝ զարգացնելով պետական մարմինների կարողությունները՝ հակազդելու օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը (FIMI), կիբեռսպառնալիքներին և ապօրինի ֆինանսական հոսքերին։ Առաքելությունն իր աջակցությունը տրամադրելու է ռազմավարական և գործառնական խորհրդատվության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով  ՝ ապահովելով հստակ սահմանված երաշխիքներն ու գործունեության թափանցիկությունը:

Որո՞նք են այդ «երաշխիքները»։

Եվրոպական միության ժողովրդավարական արժեքներ կազմում են Առաքելության բոլոր գործողությունների հիմքը։

Առաքելությունը կգործի լիակատար հարգելով Հայաստանի ազգային օրենսդրության նկատմամբ և բացառապես Հայաստանի հետ համաձայնեցված մանդատի շրջանակում։ 

Ո՞վ է կայացրել առաքելությունը տեղակայելու որոշումը։ Ինչո՞ւ հիմա։

Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումը ստանալուց հետո  Եվրոպական միության խորհուրդը՝ ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների միաձայն աջակցությամբ, ընդունել է ԵՄԳԱ Հայաստանը հիմնելու մասին որոշումը։ 

Ինչպե՞ս է առաքելությունը նպաստում ԵՄ-Հայաստան գործընկերությանը:

2025 թվականի դեկտեմբերին հրապարակված ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի առաջնահերթություններից   է խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Մասնավորապես՝ աջակցությունը Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումներին, խորացված համագործակցություն հիբրիդային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի ու միջամտության (FIMI) դեմ:  ԵՄԳԱ Հայաստանը կնպաստի այս առաջնահերթությունների իրականացմանը՝ տրամադրելով ռազմավարական և գործառնական խորհրդատվություն, ինչպես նաև աջակցելով հայկական հաստատությունների կարողությունների զարգացմանը։

Որքա՞ն է առաքելության մանդատի տևողությունը։

ԵՄԳԱ Հայաստանը հիմնվել է նախնական երկու տարի ժամկետով։ Մանդատի ավարտին մոտ Եվրոպական միությունը կգնահատի առաքելության գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները և Հայաստանի իշխանությունների հետ խորհրդակցությունների միջոցով կքննարկի հետագա քայլերը։

Ովքե՞ր են առաքելության հիմնական գործընկերները Հայաստանում։

ԵՄԳԱ Հայաստանը հիմնականում համագործակցելու է Հայաստանի այն քաղաքացիական պետական հաստատությունների հետ, որոնք պատասխանատու են կիբեռանվտանգության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), ինչպես նաև ընտրական և քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող ապօրինի ֆինանսական հոսքերի կանխարգելման և դրանց դեմ պայքարի համար։ Առաքելությունը նաև կաջակցի այդ պետական մարմինների միջև համագործակցության և համակարգման ամրապնդմանը։ Որպես քաղաքացիական առաքելություն՝ EUPM Armenia-ն չի տրամադրում որևէ աջակցություն Հայաստանի զինված ուժերին։

Ո՞րն է առաքելության հրամանատարական շղթան։ Ո՞վ է առաքելության ղեկավարը։

Առաքելության ղեկավարն է Կոսմին Դինեսկուն՝ բարձրաստիճան ռումինացի դիվանագետ, ով նախկինում ղեկավարել է Մոլդովայում Եվրոպական միության գործընկերության առաքելությունը։ Նա ունի անվտանգության ոլորտում դիմակայունության ամրապնդման հարուստ մասնագիտական փորձ։ Առաքելության ղեկավարը հաշվետու է ԵՄ Քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին։

Ու՞մ է զեկուցում առաքելությունը։

Եվրոպական միության բոլոր քաղաքացիական Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) առաքելությունները զեկուցում են Եվրոպական միության անդամ պետություններին՝ Եվրոպական միության խորհրդի միջոցով։

Ինչպե՞ս է ձևավորվելու առաքելության անձնակազմը։

ԵՄ բոլոր քաղաքացիական ԸԱՊՔ առաքելությունների անձնակազմը հիմնականում կազմավորվում է Եվրոպական միության անդամ պետությունների կողմից գործուղված քաղաքացիական փորձագետներից։ Բացի այդ, առաքելությունը կարող է ներգրավել նաև պայմանագրային և տեղացի աշխատակիցների։

Առաքելությունում կաշխատի շուրջ 30 աշխատակից՝ տարբեր մասնագիտական գործառույթներով։

Որտե՞ղ է տեղակայված առաքելությունը։

Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Երևանում։ Այն տարածաշրջանային գրասենյակներ չունի։

Ե՞րբ է առաքելությունը սկսելու իր աշխատանքը։

Այն բանից հետո, երբ Եվրոպական միության անդամ պետությունները պաշտոնապես հաստատեցին առաքելության մեկնարկը, ԵՄԳԱ Հայաստանը 2026 թվականի հուլիսի 13-ից կարող է սկսել իր մանդատով նախատեսված գործունեության իրականացումը։

Ի՞նչ կապ կա առաքելության և Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) միջև։ Արդյո՞ք դրանք ունեն ընդհանուր անձնակազմ կամ ենթակառուցվածք։

ԵՄԳԱ Հայաստանը Եվրոպական միության Հայաստանում գործող երկու առանձին քաղաքացիական ԸԱՊՔ առաքելություններից մեկն է։ Այն առանձին կառույց է և տարբերվում է 2023 թվականին հիմնված  Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունից (ՀԵՄԱ)։

ՀԵՄԱ-ի խնդիրն է դիտարկել և զեկուցել տեղում առկա իրավիճակի մասին, նպաստել վստահության ամրապնդմանը և հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը բարձրացմանը, և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը։ Երկու առաքելություններն ունեն միմյանցից տարբեր մանդատներ, առանձին կառուցվածքներ:

Կոսմին Դինեսկու Առաքելության ղեկավար

Կոսմին Դինեսկուն 2026 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ-ում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար։

Կոսմին Դինեսկուն դիվանագիտական ծառայող է, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ և լիազոր դեսպան։ Նա զբաղեցրել է բարձր պաշտոններ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունում և եվրոպական կառույցներում։ 2023–2026 թթ. եղել է Մոլդովայի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավարը։

Կոսմին Դինեսկուի մասնագիտական ուղին ներառում է Ռումինիայի դեսպանի պաշտոնը Լիտվայում և Լատվիայում՝ 2019–2023 թվականներին և Խորվաթիայում՝ 2010–2016 թվականներին, ինչպես նաև Ռումինիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ 2016–2019 թվականներին։ Դիվանագիտական գործունեության ընթացքում Կոսմին Դինեսկուն ներգրավված է եղել երկկողմ և միջազգային բանակցություններում՝ մասնավորապես հանդես գալով որպես Ռումինիայի համաներկայացուցիչ Արդարադատության միջազգային դատարանում։ Բացի այդ, 2019 թվականին՝ Եվրոպական միության խորհրդում Ռումինիայի նախագահության ընթացքում, նա գլխավոր բանակցողի կարգավիճակով ներկայացրել է Եվրոպական միության խորհուրդը Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական հանձնաժողովի հետ անցկացվող եռակողմ բանակցություններում։ Դիվանագիտական ծառայության ընթացքում ունեցած մասնագիտական ձեռքբերումների համար նա պարգևատրվել է Ռումինիայի, Խորվաթիայի և Մոլդովայի Հանրապետության պետական և դիվանագիտական բարձր պարգևներով։ Կոսմին Դինեսկուն ստացել է տնտեսագիտության և իրավագիտության բակալավրի, սոցիալական մարդաբանության և համայնքային զարգացման մագիստրոսի, ինչպես նաև իրավագիտության դոկտորի գիտական աստիճաններ։ Մայրենի ռումիներենից բացի, նա սահուն տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և խորվաթերեն լեզուներին։

  • Image
    Head of mission EUPM Armenia

    Cosmin Dinescu, Head of Mission. Copyright: EUPM Armenia