Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) հիմնվել ու սկսել է իր գործունեությունը 2023 թվականի փետրվարի 20-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմամբ։ ՀԵՄԱ-ն քաղաքացիական առաքելություն է, որի նպատակն է դիտարկել և զեկուցել տեղում առկա իրավիճակի մասին, նպաստել մարդկանց անվտանգության ապահովմանը հակամարտություններից տուժած տարածքներում և հնարավորության դեպքում աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը: ՀԵՄԱ-ն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու ԵՄ-ի կարևոր նախաձեռնություններից է։ 

ԵՄ-ն հիմնել է ՀԵՄԱ-ն՝ արձագանքելով հայաստանյան իշխանությունների պաշտոնական դիմումին, որպեսզի տեղակայվի ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելություն։ Այս գործընթացը հետևել է ԵՄ դիտորդական կարողության (EUMCAP) հաջողված փորձին, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում 2022 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը։ 

ԵՄ խորհուրդը 2025 թվականի հունվարի 30-ին երկարացրել է առաքելության գործունեությունը ևս երկու տարով՝ 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։  ՀԵՄԱ-ի երկրորդ առաքելությունը կներգրավի մինչև 225 աշխատակից, ներառյալ 166 միջազգային և 59 տեղացի աշխատակիցներ: ՀԵՄԱ-ի դիտորդները և քաղաքացիական փորձագետները ԵՄ անդամ 23 երկրներից են և երրորդ կողմ հանդիսացող մասնակից պետություն՝ Կանադայից:

ՀԵՄԱ-ն տեղակայված է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում։ ՀԵՄԱ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Եղեգնաձորում, վեց օպերատիվ գրասենյակները տեղակայված են Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Կապանում, Գորիսում և Իջևանում: Առաքելությունը գրասենյակ ունի նաև Երևանում։ ՀԵՄԱ-ն տեղակայված է և գործում է բացառապես Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում:

ՀԵՄԱ-ն իր ամբողջ գործունեությունը համակարգում է Հայաստանի իշխանությունների հետ: Այն նաև ադրբեջանական կողմին տեղեկացնում է համապատասխան զարգացումների մասին, ըստ անհրաժեշտության։

  • Image
    Satu Koivu Head of Mission, European Union Mission in Armenia

ՍԱՏՈՒ ԿՈՅՎՈՒ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Տիկին Սատու Կոյվու

Հայաստանում Եվրոպական Միության առաքելության ղեկավար 

Տիկին Սատու Կոյվուն ֆինն ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձով։ Նա միջազգային մեծ փորձ ունի՝ բարձր պաշտոններ զբաղեցնելով ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում՝ Պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում։ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության ղեկավար նշանակվելուց առաջ տիկին Կոյվուն աշխատել է Ֆինլանդիայի Էսպոո քաղաքում տեղակայված Ֆինլանդիայի ազգային ոստիկանության խորհրդում, որպես մարդկային ռեսուրսների ղեկավար։ 

Նա Տուրկուի համալսարանում ստացել է ոստիկանական գիտությունների մագիստրոսի աստիճան և ​​մանկավարժի կրթություն՝ Հելսինկիի համալսարանում։

Իր մասնագիտական ​​պարտականություններին զուգահեռ տիկին Կոյվուն Զոնտա միջազգային հիմնադրամի ակտիվ անդամ է 1995 թվականից ի վեր։ Հիմնադրամի շրջանակներում նրա աշխատանքներն ուղղված էին աղջիկների և կանանց հզորացմանը՝ խթանելով կրթության, առողջապահության և անվտանգ կենսապայմանների ապահովման հնարավորությունները՝ շահերի պաշտպանության ու բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով։ 

Տիկին Սատու Կոյվուն ծնվել է 1966 թվականին, ամուսնացած է և ունի երկու դուստր։

2026 թվականի մարտի 6-ին տիկին Կոյվուն նշանակվել է Հայաստանում Եվրոպական Միության առաքելության ղեկավար։

  • Image
    Contact us

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Ընդհանուր տեղեկատվության համար՝ 

Էլ․ հասցե՝ info@eum-armenia.eu

 

Մեդիայի և հարցազրույցների համար՝ 

Էլ․ հասցե՝ ppio@eum-armenia.eu