Հայաստան. Եվրոպական միությունը հիմնում է նոր քաղաքացիական առաքելություն՝ նպաստելով Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը

21.ապրիլի 2026թ., Բրյուսել

Եվրոպական միության խորհուրդն այսօր հայտարարել է Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) ներքո Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելություն (ԵՄԳԱ Հայաստան) հիմնելու մասին` շարունակելով նպաստել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման և ճգնաժամերը կառավարելու կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերին: 

որը աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և , խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին:

Առաքելությունը կաջակցի Հայաստանին՝ դիմագրավելու բազմաշերտ սպառնալիքներին, այդ թվում՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիային և միջամտությանը (FIMI), կիբերհարձակումներին և անօրինական ֆինանսական հոսքերին։ ԵՄԳԱ Հայաստանը մի շարք նախարարությունների և պետական հաստատությունների կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն և կաջակցի դրանց կարողությունների զարգացմանը՝ հասարակության և պետական ինստիտուտների առջև ծառացած սպառնալիքներին արձագանքելու քաղաքականությունների մշակման հարցում։ Այն նաև կաջակցի պետական կառավարման ամբողջ համակարգն ընդգրկող, հորիզոնական մոտեցման ձևավորմանը։ Առաքելությունը նաև կտրամադրի գործառնական խորհրդատվություն և կունենա ծրագրային ստորաբաժանում, որը պատասխանատու կլինի համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ նախանշելու և իրականացնելու առաքելության մանդատով մախատեսված ոլորտներում հստակ սահմանված գործողություններ։

«Հայերը բախվում են լայնածավալ ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։ Առաջիկա տարիներին ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կտրամադրի փորձագիտական խորհրդատվություն, կնպաստի պետական կառույցների կարողությունների զարգացմանը և կտեղակայի անհապաղ արձագանք պահանջող ոլորտները մշտադիտարկող թիմ։ Երբ հունիսին հայերը գնան ընտրատեղամասեր, միայն նրանք պետք է որոշեն իրենց երկրի ապագան։ Եվրոպական միությունն օգնում է պաշտպանել Հայաստանի դիմակայունությունը»,-  Կայա Կալաս, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ։

Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նախնական մանդատը երկու տարի է, իսկ օպերատիվ շտաբը՝ Հայաստանում։

ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) Քաղաքացիական գործողությունների շտաբի գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը կստանձնի քաղաքացիական գործողության հրամանատարի պարտականությունները։ Նա ռազմավարական մակարդակում կիրականացնի ԵՄԳԱ Հայաստանի հրամանատարությունն ու վերահսկողությունը՝ Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգության կոմիտեի քաղաքական վերահսկողության և ռազմավարական ուղղորդման ներքո, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի ընդհանուր իրավասության շրջանակում։

Առաջիկայում կնշանակվի առաքելության ղեկավար, որը կղեկավարի տեղում իրականացվող գործողությունները։